Դատարանը մեկ ամսով կալանավորել է Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանին, Armenia Today-ին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ բացի կալանավորված Տեր Գարեգինից և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանից, հոկտեմբերի 15-ին բերման ենթարկված մյուս հոգևորականները ձերբակալված չեն։
Հոգևորականների ձերբակալությունների երկրորդ ալիքն սկսվել էր Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ իրեն լռեցնելու մասին գրառումներից հետո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել նրա և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։
Մինչդեռ Արագածոտնի թեմը քահանային կարգապահական նկատողություն էր հայտարարել, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել հարցազրույցում նրա հնչեցրած հայտարարությունները։
Հոկտեմբերի 15-ին Մայր Աթոռից հայտնել էին Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների և թեմի առաջնորդի տան խուզարկության, այնուհետ նրանց բերման ենթարկելու մասին։ Ավելի ուշ Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ բերման է ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը և 12 հոգևորական։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ կատարվում են գործողություններ՝ հավաքի մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Քրվարույթը հարուցվել էր Տեր Արամի՝ 2021-ին «ընդդիմության ցույցերին ստիպողաբար և հրահանգով մասնակցելու» վերաբերյալ հայտարարությունների հիման վրա, որի վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումը»։
Կարդացեք նաև՝





































