Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից հավելել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ կալանքի տակ էր գտնվում հոկտեմբերի 21-ից։ Գևորգյանը գլխավորում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը Ստեփանավանի՝ հոկտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Նրան կալանավորել էին ենթադրյալ ընտրակաշառք տալու կասկածով։ Նա չէր ընդունել մեղադրանքը, իսկ «Ուժեղ Հայաստանը» գործը համարում էր քաղաքական։
Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) տվյալներով՝ նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան Գևորգյանի ինքնազգացողությունը վատացել է, և նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Ըստ ՔԿԾ-ի՝ ժամը 07։55-ի սահմաններում շտապօգնություն են կանչել, իսկ ժամը 08։30-ի սահմաններում բուժանձնակազմն արձանագրել է նրա մահը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, որ Գևորգյանի մոտ սրտի կանգ է արձանագրվել։ Մահվան պատճառը դեռ չի հստակեցվել։ Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ Գալյանը չէր կիսել քաղաքական հետապնդումների մասին պնդումները։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Գևորգյանի մահվան դեպքի առնչությամբ ուսումնասիրություն է սկսվել։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ավելի վաղ իշխանություններին պատասխանատու էր համարել Ստեփանավանի համայնքապետի իր թեկնածուի մահվան համար՝ պնդելով, որ նրան կալանավորել են քաղաքական դրդապատճառներով։ Ազգային օրակարգի շուրջ համախմբված 13 ուժ Գևորգյանի մահը համարել էին քաղաքական հետապնդումների հետևանք՝ պատասխանատվությունը վերագրելով իշխանություններին և իրավական համակարգի ներկայացուցիչներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







