Ֆրանսիայում շուրջ 150 հազար մարդ մասնակցել է պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի բարձրացման և կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներին։
Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ նոյեմբերի 17-ին ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է 146 հազար մարդ, որոնցից 28 հազարը՝ Փարիզում։
Ֆրանսիայի խոշորագույն արհմիութենական միավորումներից մեկը՝ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան (CGT), ներկայացրել է զգալիորեն ավելի բարձր թվեր։ Կազմակերպության տվյալներով՝ ամբողջ երկրում ցույցերին մասնակցել է ավելի քան 500 հազար մարդ, այդ թվում՝ 175 հազարը Փարիզում։
Ցուցարարները պահանջել են բարձրացնել պետական հատվածի աշխատողների աշխատավարձերը՝ բողոքելով նաև կյանքի թանկացման դեմ։
Բողոքի շարժումը սկսվել է սեպտեմբերի 17-ին՝ Փարիզի արվարձան Կրետեյում գտնվող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի անվան ավագ դպրոցում։ Աշակերտները փակել էին դպրոցի մուտքերը՝ բողոքելով ուսուցիչների պակասի, փոխարինող մանկավարժների բացակայության և դպրոցական շենքերի վատ վիճակի դեմ։
Աշակերտների բողոքը տարածվել էր Փարիզի այլ դպրոցներում, ապա նաև Լիոնում, Բորդոյում և Թուլուզում։
Հոկտեմբերի կեսերին աշակերտական շարժմանը միացել են արհմիությունները, աշխատավորական խմբերը և կյանքի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները, այդ թվում՝ «Դեղին ժիլետներ» շարժման մասնակիցները։
Ցուցարարները պահանջում են ավելացնել կրթության ֆինանսավորումը, բարելավել դպրոցների պայմանները, բարձրացնել աշխատավարձերը և միջոցներ ձեռնարկել կյանքի թանկացման դեմ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







