Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները, հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ)։
Քննարկումը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին Երևանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպման ընթացքում։ Խումբը պետք է եռամսյա ժամկետում ուսումնասիրի առկա խնդիրների լուծման հնարավորությունները և հստակեցնի հետագա քայլերը։
Աշխատանքային խմբի ղեկավար, ՏԿԵ նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը ներկայացրել է երկաթուղային ցանցի զարգացման և տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման վերաբերյալ Հայաստանի կառավարության տեսլականը՝ ընդգծելով դրանց տնտեսական նշանակությունը։
Ռուսական կողմը ներկայացրել է երկաթուղային ցանցի զարգացման և բեռնափոխադրումների ծավալների աճի հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները։ Քննարկվել են նաև տարածաշրջանային մրցակցությունը, երկաթուղային ցանցի ազատ թողունակությունը և ներդրումների վերադարձելիության ապահովումը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները և պարբերաբար հանդիպումներ անցկացնել՝ ստեղծված աշխատանքային խմբի առջև դրված խնդիրներին լուծումներ տալու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







