«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի հարցով քննարկմանը։
«Քիչ առաջ Փաշինյանը կանչել էր ՀԷՑ-ի կառավարչին և նրա մասնակցությամբ հանրությանը փորձում էր ներկայացնել ՀԷՑ-ը խլելու համար հիմնավորումներ։
Այս զրույցին կետ առ կետ կանդրադառնանք քիչ հետո»,- գրել է Կարապետյանը։
Նա քննարկմանը հնչած հայտարարությունները վարկաբեկման փորձ է համարել։
«Փաշինյանը մարդկանց վարկաբեկելու, ինչ խոսք, լավ մասնագետ է, բայց դրույթների մեջ չի խորանում, և սա նրա թույլ կողմն է՝ ինչպես այստեղ, այնպես էլ ամեն տեղ»,- հավելել է Կարապետյանը։
Ավելի ուշ նա կարճ տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով՝ «շուտով»։
«Մեր ձևով» շարժման անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը նույն քննարկմանը Փաշինյանի կողմից ՀԷՑ-ի սեփականատերերին «փողերի լվացման» մեջ մեղադրելն «իրավապահ մարմիններին ուղղված ուղղակի հրահանգավորում է» համարել։
«Սա նաև անմեղության կանխավարկածի չեղարկման հերթական դրսևորում է՝ պաշտոնյայի կողմից։ Հիմա արդեն պարզ է, թե որտեղից է գալիս իրավապահ մարմինների այն վարքագիծը, որի հետևանքով Հայաստանում ցանկացած քաղաքացիական գործարք հեշտությամբ որակվում է որպես «փողերի լվացում»։ Ընդ որում՝ նշված ապօրինի հրահանգը տրվում է իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի միակողմանի զեկուցման վրա և առանց մյուս շահագրգիռ կողմի առարկությունները լսելու»,- շեշտել է Մելոյանը։
Փաշինյանն ու Պետրոսյանը նոյեմբերի 25-ի քննարկմանը խոսել էին ՀԷՑ-ը պետության սեփականություն դարձնելու իշխանության 2 տարբերակի մասին, ՀԷՑ-ի սեփականատերերին կրկին մեղադրել «փողերի լվացման» մեջ, ինչը, նրանց խոսքով, ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու պատճառներից է։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ ընկերության սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա քայլերից։
ՀԾԿՀ-ն նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան։
Կարդացեք նաև՝
Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին
«Տաշիր Կապիտալ»-ն էլեկտրաէներգիայի սակագների իջեցման առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ

























