«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը քննադատել է Հայաստանի իշխանությունների կողմից նոր Սահմանադրության նախագծի հրապարակումը՝ պնդելով, որ այն մշակվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով։
Կարապետյանը սուտ է որակել իշխանությունների այն պնդումը, թե նոր Սահմանադրության հարցում արտաքին ճնշում չկա։
Նա հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Սահմանադրության փոփոխության դեպքում բանակցություններ կվարի ադրբեջանական կողմի հետ, որպեսզի դա լինի հայկական կողմի վերջին զիջումը։
«Աշխարհում՝ ՄԱԿ-ի անդամ երկրների մեջ, չկա այդպիսի դեպք, որ հարևան երկրի ղեկավարի պահանջով, ում հետ մենք ունեցել ենք տասնամյակների կոնֆլիկտ, ով պատասխանատու է հարյուր հազարավոր հայերի տնազուրկ լինելու համար, որը մեր դեմ երեք պատերազմ է սկսել, որ մենք իր ցուցումով փոխենք մեր երկրի ծննդականը։ Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով, որովհետև այդ վկայականում՝ Անկախության հռչակագրում, մեր գաղափարական հիմքերն են»,- հայտարարել է Կարապետյանը։
Նա ընդգծել է, որ նոյեմբերի 23-ին հրապարակված տեքստում նույնիսկ Հայոց ցեղասպանության մասին հիշատակում չկա, և հայտարարել, որ «Ուժեղ Հայաստանը» չի հրաժարվելու իր անցյալից։ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի ներքին հարցերը պետք է լուծվեն հայկական քաղաքական դաշտի համախմբման արդյունքում՝ իշխանությունների, ընդդիմության և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ։
Նա ընդգծել է, որ Հայաստանի ապագա Սահմանադրությունը պետք է ընդունվի «առանց պառակտման», այլ ոչ թե որևէ մեկի ցուցումով։ Քաղաքական գործչի խոսքով՝ միայն այդպես Հայաստանը կկարողանա երկարաժամկետ հեռանկարում պահպանել իր ինքնուրույնությունը։
Կարապետյանն անդրադարձել է նաև իշխանությունների այն փաստարկին, թե Սահմանադրությունը փոխելուց հրաժարվելը կարող է հանգեցնել Ադրբեջանի հետ հակամարտության։ Պատգամավորի խոսքով՝ աշխարհում ոչ մի հակամարտություն չի սկսվել Սահմանադրության պատճառով, և խոսքը բացառապես Ալիևի պահանջի մասին է։
«Նա իրեն է ենթարկել Հայաստանի վարչապետին, բայց դրանով չի բավարարվել։ Ինչպես Հայաստանն ասպատակած բազմաթիվ այլ բռնապետեր, նա նոր պահանջ է դրել, որ իր թրի տակով պետք է անցնի ամբողջ հայ ազգը՝ գնալով «այո» ասելով Սահմանադրությանը»,- ասել է Կարապետյանը՝ նոր հիմնական օրենքի ընդունման պահանջն անվանելով «մի ամբողջ ժողովրդի նվաստացնելու փորձ»։
Նա վստահեցրել է, որ այդ փորձը ձախողվելու է, և «Ուժեղ Հայաստանը» հակազդելու է այդ ծրագրերին։ «Սահմանադրության պատճառով հակամարտություն չի լինի, խաղաղություն կհաստատվի, երբ մյուս կողմը տեսնի, որ հայկական կողմն այլևս զիջելու ոչինչ չունի, սա բանակցությունների հիմնական օրենքն է։ Եվ մենք չենք սակարկելու մեր ժողովրդի արժանապատվությունը»,- եզրափակել է Կարապետյանը։
Նոյեմբերի 23-ին հրապարակվել էր Հայաստանի նոր Սահմանադրության առաջին նախագիծը, որի նախաբանում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը։
Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսում է քաղաքացիների ընտրական իրավունքների սահմանափակում, դատարանի որոշմամբ քաղաքացիությունից զրկելու հնարավորություն, կուսակցությունների ֆինանսավորման կանոնների խստացում և դրանց արգելման հիմքերի ընդլայնում։ Փաստաթուղթը փոխում է նաև նախագահի և խորհրդարանի լիազորությունները, Ազգային ժողովին տալիս է ինքնարձակման հնարավորություն և փոխում սահմանադրական հանրաքվեի անցկացման կարգը։
Armenia Today-ն համեմատել է նախագծի հիմնական դրույթները գործող Սահմանադրության հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







