ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորությունը։ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը խոսել է նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանից ընկերությունը վերցնելու դեպքում հնարավոր ծրագրերի մասին:
Սակագինը նվազեցնելու առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ նման առաջարկ ընկերությունը հուլիսի սկզբին ուղարկել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): Կարապետյանը հայտարարել էր, որ իշխանությունները մերժել են սակագներն իջեցնելու առաջարկը և պատրաստվում են դա անել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ընկերությունը հոկտեմբերին 2-րդ անգամ էր նույն առաջարկը ներկայացրել։
Վարչապետի խոսքով՝ իշխանությունները «քաղաքական պատճառներով գին չեն իջեցնի»։
«Չպետք է որևէ քաղաքական նպատակադրում լինի, որ հաճոյանալու համար գինն այնքան իջեցնենք, որ ոչ թե 1 կամ 2, այլ 3 տարի հետո խնդիր առաջանա։ Եթե ֆիքսենք, որ գինն իսկապես բարձր է, պետք է բերենք գիծ պլյուս, պայմանական ասած՝ մի լումա, որը կներդրվի հետագա զարգացման համար»,- շեշտել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ շատ երկրներում հանդիպել է իրավիճակների, երբ քաղաքական նպատակահարմարություններից, քաղաքական կոմպրոմիսներից ելնելով՝ էլեկտրաէներգիայի ինչ-որ գներ են անընդհատ իջեցրել, ինչի հետևանքով համակարգերը կոլապսի առաջ են կանգնել։
Նրա խոսքով ՝ գինը պետք է էֆեկտիվ լինի՝ ապահովի համակարգի բնականոն գործունեությունն ու զարգացումը, և դրանից ոչ մի լումա ավելի, քանի որ դրանից ավելին արդարացված չէ։
Իշխանությունները դեռ չեն կողմնորոշվել ՀԷՑ-ի հետ աշխատելու պլանների հարցում՝ ընկերությանը լիցենզիայից զրկելուց հետո
Փաշինյանը հիշեցրել է, որ ընկերությունը սեփականատիրոջից վերցնելու դեպքում կառավարությունը քննարկում է ընկերության հետագա կառավարման երկու տարբերակ: ՀԾԿՀ-ն նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել ՀԷՑ-ի լիցենզիան, նոյեմբերի 18-ին երկարաձգվել էր Կարապետյանի կալանքը։
Վարչապետի խոսքով՝ առաջինը տարբերակը ենթադրում է ՀԷՑ-ը պետական սեփականություն դարձնել՝ կոնցեսիոն սխեմայով պրոֆեսիոնալ կառավարչի ներգրավմամբ։ Երկրորդ սցենարը, նրա դիտարկմամբ, թափանցիկ ընթացակարգով նոր ներդրողի ներգրավումն է, եթե պետության կողմից ՀԷՑ-ը ձեռք բերելը պետական բյուջեի ծախսի տեսանկյունից անհասանելի լինի։
Ընդ որում՝ վարչապետն ընդգծել է, որ առաջնային տարբերակ է համարում հենց պետական կառավարումը, եթե բյուջեն թույլ տա ընկերոււթյունը գնել օբյեկտիվ գնով:
Պետրոսյանն, իր հերթին, հայտարարել է, որ վերանայման է ենթակա էլցանցին նոր բաժանորդների միացման համար նախատեսված վճարը։ Նրա խոսքով՝ մասսայական միացման տեսակ կա, որ 2023 թվականի ապրիլի 1-ից 10 անգամ թանկացրել են, և այժմ հաշվարկներ են կատարվում հնարավոր նվազման ուղղությամբ։
«Ունենալով ահռելի ֆինանսական խնայողություններ՝ դրանց մի մասն ուղղելու ենք, այսպես ասած, սուբսիդավորմանը։ Չենք կարող 10 անգամ նվազեցնել, բայց, առնվազն, գոնե 30-40% հնարավոր է վերանայում ունենանք»,- նշել է Պետրոսյանը։
Նա հիշեցրել է ուսումնասիրությունների արդյունքում իր «հայտնաբերած մի շարք խնդիրների մասին», որոնք արտացոլված էին նաև ընկերությանը լիցենզիայից զրկելու պատճառների մեջ։ Պետրոսյանի խոսքով՝ որոշ դրվագներով հաղորդում է ներկայացրել նաև Գլխավոր դատախազություն։ Ժամանակավոր կառավարիչը նշել է գնումների գործընթացի վերլուծության մասին։
«Կարող ենք ասել, որ առնվազն ապրանքանյութական արժեքների մատակարարումները տևական շրջանում իրականացվել են առնվազն 60-70 մինչև 100% ուռճացված գներով, ինչն ուղղակիորեն ներդրումային ծրագրերի մասով մտել է սակագին ու կազմել սակագնի կառուցվածքի մաս»,- ընդգծել է Պետրոսյանը։
Փաշինյանը, մեկնաբանելով Պետրոսյանի խոսքերը, հայտարարել է, որ «այլ անուն, քան փողերի լվացումն է, դժվար է գտնել»։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա քայլերից։
ՀԾԿՀ-ն նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան։
Կարդացեք նաև՝
Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին
«Տաշիր Կապիտալ»-ն էլեկտրաէներգիայի սակագների իջեցման առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ




































