Harper’s Bazaar-ի իտալական հրատարակությունը չորս հայկական բրենդի՝ Manuk Aleksanyan, Themis, Soncess և Positions աշխատանքները ներառել է 2026 թվականի ձմռան նորաձևության համաշխարհային միտումների ակնարկում։ Ակնարկը նվիրված է հագուստի և աքսեսուարների մեջ ծոպերի օգտագործմանը։
Նյութի հեղինակ Ստելլա Մանֆերդինին ուշադրություն է դարձրել Երևանի նորաձևության շաբաթում (Yerevan Fashion Week) ներկայացված հավաքածուներին։
Հատուկ ուշադրություն է դարձվել դիզայներ Մանուկ Ալեքսանյանի աշխատանքներին․ նա հագուստի դեկորատիվ տարրերի համար օգտագործել է վերամշակված պլաստիկ։ Դիզայների խոսքով՝ իր հավաքածուն ցույց է տալիս, թե ինչպես կարող են սովորաբար թափոն համարվող նյութերը նոր ձև և գեղագիտական արժեք ստանալ։
Themis-ի հավաքածուում ծոպերը դարձել են կոստյումների և աքսեսուարների՝ այդ թվում պայուսակների, դեկորատիվ տարր։ Soncess բրենդը ներկայացրել է լայն բազմագույն շերտերով մոդելներ, իսկ Positions-ը օգտագործել է կարապի փետրածածկույթ հիշեցնող ծոպեր։
Հայկական հավաքածուները հոդվածում ներկայացված են միջազգային բրենդների՝ Fendi-ի, Polo Ralph Lauren-ի և Nanushka-ի աշխատանքների կողքին։
Հեղինակը կարևորել է անկախ դիզայներների և ավելի փոքր նորաձևության կենտրոնների դերը համաշխարհային միտումների ինքնատիպ մեկնաբանություններ ստեղծելու գործում։
Yerevan Fashion Week 2026-ի ծրագրում ընդգրկված էին հայ և օտարերկրյա դիզայներների հավաքածուների ավելի քան 20 ցուցադրություն։ Միջոցառման շրջանակում հոկտեմբերի 9-ից 11-ը գործել է նաև շոուրում, որը միավորել է ավելի քան 40 հայկական բրենդ։ Հարթակը դիզայներներին հնարավորություն է տվել իրենց հավաքածուները ներկայացնել միջազգային փորձագետներին և նոր գործարար կապեր հաստատել։
Նորաձևության շաբաթվա միջոցառումներից էր երիտասարդ դիզայներների Fashion Scout Armenia չորրորդ մրցույթը։ Հաղթողներին հնարավորություն է տրվում իրենց աշխատանքները ներկայացնել Լոնդոնի նորաձևության շաբաթում և ստանալ իտալական Polimoda նորաձևության ինստիտուտի կրթաթոշակ։ Ծրագրով նախատեսված է նաև Երևանի քաղաքապետի հատուկ մրցանակ։
Երևանի նորաձևության շաբաթի 2026 թվականի հայեցակարգը կապված էր Քաղաքի օրվա տոնակատարության հետ։ Ծրագրում ընդգրկված էր նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կազմակերպված ցուցահանդեսը, որը նվիրված է հայկական դիցաբանության և մշակութային ժառանգության ժամանակակից նորաձևության միջոցներով մեկնաբանմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







