Ամերիկյան The New York Times թերթը հայկական ավանդական ղափամայի հիման վրա պատրաստված ճաշատեսակն առաջարկել է որպես Գոհաբանության տոնի սեղանի գլխավոր ուտեստներից մեկի՝ հնդկահավի բուսական այլընտրանք։
Բաղադրատոմսի հեղինակ, The New York Times-ի խոհարարական բաժնի խմբագիր Տանյա Սիչինսկին ոգեշնչվել է հայկական ավանդական ուտեստից՝ բրնձով, չրերով, ընկույզով և մեղրով լցոնված դդումից։
Ղափամայի իր տարբերակը մշակելիս Սիչինսկին հաշվի է առել նաև Իրանի և Լևանտի երկրների խոհարարական ավանդույթները։ Նա միջուկին ավելացրել է ոսպ, չորացրած լոռամիրգ, եղեսպակ, խնձոր և տապակած շալոտ սոխ, իսկ մեղրի փոխարեն օգտագործել է թխկու օշարակ։
Հեղինակն առաջարկում է պատրաստած դդումը մատուցել ամբողջությամբ և կտրատել անմիջապես տոնական սեղանի շուրջ։ Բաղադրատոմսը նախատեսված է 8–10 անձի համար։
Գոհաբանության տոնը ԱՄՆ-ում 2026 թվականին նշվելու է նոյեմբերի 26-ին։ Տոնական սեղանի ավանդական գլխավոր ուտեստը ջեռոցում պատրաստված հնդկահավն է։
Ղափաման հայկական խոհանոցի ավանդական ուտեստ է, որը պատրաստում են ամբողջական դդումից՝ լցոնելով այն բրնձով, չրերով, ընկույզով, մեղրով և կարագով։ Հայաստանում ղափաման ավանդաբար մատուցում են Ամանորին, Սուրբ Ծննդին, հարսանիքներին և ընտանեկան այլ տոնակատարությունների ժամանակ։ Ուտեստին է նվիրված հայկական հայտնի «Հեյ ջան, ղափամա» ժողովրդական երգը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







