Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 20
Երևան +12°
  • Երևան+12°
  • Գյումրի+7°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.53 ▼ −0.41
  • 395.18 ▼ −2.07
  • 4.40 ▼ −0.01
  • 139.04 ▼ −0.13
Ուրբաթ, Նոյեմբերի 20 18:55

Դիտորդները քննադատել են ԿԸՀ որոշումների հիմնավորվածությունն ու նիստերի փակ լինելը

Դիտորդներ
Դիտորդական առաքելություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարար չափով չի հիմնավորել 2026 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ մի շարք որոշումներ, իսկ որոշ հարցեր քննարկել է դռնփակ նիստերում՝ առանց համապատասխան օրենսդրական լիազորության, Ազգային ժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարել է «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» (ԻԶՊՀ) ներկայացուցիչ Գենյա Պետրոսյանը։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։

Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգիրքը ԿԸՀ-ին դռնփակ նիստեր անցկացնելու հնարավորություն չի տալիս, սակայն հանձնաժողովը փակ ձևաչափով քննարկել է պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդման և ազատությունից զրկելու հարցերը։

Պետրոսյանը նշել է, որ նախաքննության տվյալների հրապարակման արգելքի դեպքում դռնփակ նիստերը կարող են անհրաժեշտ լինել, սակայն նման դեպքերի համար օրենքում համապատասխան կարգավորում չկա։

Նա նաև քննադատել է ԿԸՀ-ում որոշումների ընդունման գործընթացը՝ նշելով, որ հանձնաժողովի անդամները հաճախ բովանդակային քննարկումներն անցկացնում են նիստերից դուրս, իսկ հրապարակային նիստերում որոշումները, որպես կանոն, ընդունվում են միաձայն՝ առանց էական քննարկման։ Նրա գնահատմամբ՝ նման գործելակերպը խաթարում է հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքների ամփոփմանը՝ Պետրոսյանը հայտնել է, որ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները՝ եզրակացնելով, որ դա չի ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա։ Սակայն հանձնաժողովը չի ներկայացրել այդ եզրահանգման հիմնավորումները։

ԻԶՊՀ-ն համաձայն է ԿԸՀ եզրակացության հետ, սակայն կարծում է, որ դրա պատշաճ հիմնավորման բացակայությունը տարակարծությունների տեղիք է տվել և բացասաբար անդրադարձել ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վրա։

Պետրոսյանը մակերեսային է գնահատել նաև ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված փաստերի ուսումնասիրությունը։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն մի շարք դեպքերում թվարկել է խախտումներն ու կիրառելի միջազգային չափանիշները, սակայն չի ներկայացրել դրանց համադրված վերլուծությունը և չի պարզաբանել, թե արձանագրված խախտումներն ինչպես են ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Դիտորդական առաքելության տվյալներով՝ երկարաժամկետ դիտարկմանը մասնակցել է 61, իսկ կարճաժամկետին՝ 712 դիտորդ։ Քվեարկության օրը 260 ընտրատեղամասում իրականացվել է ստատիկ դիտորդություն, իսկ 54 շրջիկ խումբ դիտարկել է ևս 456 ընտրատեղամաս։

Քվեարկությունից հետո 70 դիտորդ շարունակել է աշխատանքը 38 ընտրատարածքային հանձնաժողովում։

Առաքելությունը վարչական դատարան է ներկայացրել 15 հայց, ընտրական հանձնաժողովներին՝ 24 դիմում-բողոք, ինչպես նաև ներկայացրել է 17 հաղորդում։

Դիտորդները նաև արձանագրել են վարչական ռեսուրսի առերևույթ չարաշահման, ընտրակաշառքի և ընտրողների նյութական շահագրգռման, աշխատակիցներին նախընտրական միջոցառումներին մասնակցելուն հարկադրելու, անչափահասներին քարոզարշավում ներգրավելու, ինչպես նաև կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և վերահսկողության հետ կապված խնդիրներ։

Քվեարկության օրը դիտորդներն արձանագրել են ընտրողների ուղղորդման, քվեարկության գաղտնիության խախտման, ընտրատեղամասերում կողմնակի անձանց ներկայության, ընտրական փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանման և փոխանցման դեպքեր։ Նրանք նաև քննադատել են տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից խախտումների ոչ լիարժեք ուսումնասիրությունն ու որոշումների անբավարար հիմնավորումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. ՊՆ-ն հաստատել է պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունըՆոյեմբերի 18
  3. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
  4. Դատարանը մերժել է Գոռ Համբարձումյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունըՆոյեմբերի 17
  5. Երևանում հրդեհի հետևանքով այրվել են ռեստորանի սրահն ու խոհանոցըՆոյեմբերի 17
  6. Գևորգյանին առողջ տարան բանտ, անշնչացած վերադարձրին․ ԿարապետյանՆոյեմբերի 14
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+