Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ընդգծել է Հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը՝ նոյեմբերի 20-ին Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը, հայտնել է կաթողիկոսարանը։
Կաթողիկոսարանի տեղեկացմամբ՝ Արամ Ա-ն նոյեմբերի 20-ին այցելել է Լիբանանի նախագահին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Կենտրոնական վարչության կրոնական և քաղաքական ժողովների ներկայացուցիչների ուղեկցությամբ։
Հանդիպմանը կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Աունին՝ բարձր գնահատելով Լիբանանի ազգային միասնության և ներքին խաղաղության ամրապնդման, տնտեսության զարգացման, անվտանգության ու կայունության պահպանման ուղղությամբ նրա ջանքերը։
Արամ Ա-ն վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, նրա աշխարհասփյուռ թեմերն ու համայնքները, ինչպես նաև Լիբանանի և Սփյուռքի հայությունն աջակցում են Լիբանանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամրապնդմանը։ Կաթողիկոսը նաև շնորհավորել է Աունին Լիբանանի անկախության տոնի առթիվ՝ ընդգծելով, որ այն յուրաքանչյուր լիբանանցու համար պետք է առիթ լինի վերահաստատելու իր հավատարմությունը երկրին։
Լիբանանի նախագահն իր հերթին բարձր է գնահատել հայ համայնքի ներդրումը երկրի հասարակական կյանքում։ Աունի խոսքով՝ հայ համայնքը Լիբանանի հասարակության անբաժանելի մասն է և ակտիվ մասնակցություն ունի երկրի զարգացմանն ու բարգավաճմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







