ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթել է Հունաստանի Կրետե կղզում անցկացված «WCF Crete Rapid Challenge 2026» արագ շախմատի միջազգային մրցաշարում, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարի վերջնական արդյունքներով՝ հայ շախմատիստը յոթ տուրում վաստակել է 6,5 միավոր՝ կես միավորով առաջ անցնելով վեցական միավոր հավաքած մրցակիցներից։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Անգլիան ներկայացնող Թոբի Քուեյթը, երրորդը՝ ուկրաինացի ՖԻԴԵ-ի վարպետ Յան Դոմինը։
Մրցաշարն անցկացվել է նոյեմբերի 8-ին՝ շվեյցարական մրցակարգով։ Յուրաքանչյուր մասնակցի տրվել է 10 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար հինգ վայրկյան հավելումով։
Մրցաշարը անցել է Կրետեում ընթացող Եվրոպայի 8–18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության շրջանակում։ Ֆեդերացիայի՝ ավելի վաղ հրապարակած մասնակիցների ցանկի համաձայն՝ Համբարձումյանը հիմնական առաջնությունում Հայաստանը ներկայացնում է մինչև 14 տարեկան պատանիների խմբում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







