Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) մտահոգություն է հայտնել Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման նոյեմբերի 15-ի թողարկման ընթացքում ֆիզիկական բռնության տեսարանների և սեռական բնույթի արտահայտությունների ցուցադրման առնչությամբ։
Թողարկման ընթացքում ծեծկռտուք էր տեղի ունեցել քաղաքագետ Հարություն Մկրտչյանի և Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի միջև։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակից Մկրտչյանն ու Մուրազին սկզբում փոխադարձ վիրավորանքներ էին հնչեցրել, ապա անցել ֆիզիկական բախման։ Հաղորդավարներն ընդհատել էին քննարկումը, որից հետո տաղավար էին մտել անվտանգության աշխատակիցները։ Հաղորդման մասնակիցները քննարկում էին Հայաստանի սահմանադրության՝ իշխանությունների առաջարկած փոփոխությունները՝ Ադրբեջանի պահանջների համատեքստում։
Հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ հաղորդման ընթացքում հնչել են սեռական բնույթի արտահայտություններ, ցուցադրվել է ֆիզիկական բռնություն, և այդ հատվածները հեռարձակվել են առանց խմբագրման։
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել բանավեճին հրավիրված անձերով, թեժ քննարկմամբ, դիտելիություն ապահովելու սին մղումով կամ նույնիսկ ձևական անաչառությամբ»,- ասվում է ՀՌՀ-ի հայտարարության մեջ։
Հանձնաժողովի գնահատմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է պահպանել օրենքի պահանջները, չսրել լսարանի հույզերը և եթերում չնպաստել բռնության արդարացմանը։
ՀՌՀ-ն ընդգծել է, որ հեռարձակողները պետք է առաջնորդվեն նաև մասնագիտական և էթիկական չափանիշներով՝ հատկապես բռնության տեսարաններ պարունակող նյութեր ցուցադրելիս։
Հանձնաժողովը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հաղորդումը նախապես նկարահանված էր, ոչ թե հեռարձակվել ուղիղ եթերով։ Ըստ ՀՌՀ-ի՝ նման իրավիճակներում հնարավոր է կիրառել մասնագիտական միջոցներ՝ մասնակիցների սադրանքներին արձագանքելու, բռնությունը կանխելու և քննարկումը կառուցողական հուն տեղափոխելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







