Ազգային ժողովը չի ընդգրկել օրակարգում «Հայաստան» խմբակցության՝ ժողովրդավարության հետընթացի, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և իրավական երաշխիքների վերաբերյալ հայտարարության նախագիծը։ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել նախագծին։ Քվեարկությանը մասնակցել է 93 պատգամավոր։ Նախագծին կողմ է քվեարկել 33 պատգամավոր, 54-ը՝ դեմ, ձեռնպահ՝ 4 պատգամավոր։ Երկու պատգամավոր չի քվեարկել։
Հայտարարության նախագծում «Հայաստան» խմբակցությունը պնդել էր, որ Հայաստանում աճել են քաղաքական հետապնդումները, ճնշումները ընդդիմադիր գործիչների, հոգևորականների և այլ անձանց նկատմամբ։ Խմբակցությունն առաջարկել էր ԱԺ-ին պահանջել դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, ազատ արձակել իր գնահատմամբ քաղբանտարկյալներին և միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել իրավիճակի վրա։
Նախագծում նաև հղում է արվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փաստաթղթերին՝ քաղաքական հետապնդումների և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
Թեմայի շուրջ «Հայաստան» խմբակցությունը նոյեմբերի 16-ին նաև հանրային լսումներ էր հրավիրել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







