Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նոյեմբերի 17-ին Բրյուսելում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացումը, տնտեսական համագործակցության խորացումն ու տարածաշրջանային կապերի զարգացումը, հայտնում է նախարարության (ԱԳՄԱՆ) մամուլի ծառայությունը։
Հանդիպումից հետո Կոսը X սոցիալական ցանցում գրել է, որ դեպի ԵՄ հայկական արտահանումն այս տարի աճել է ավելի քան կիսով չափ։ Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են, թե ինչպես կարող է ԵՄ-ն օգնել Հայաստանին ձմռանն ընդառաջ բազմազանեցնել էներգամատակարարման աղբյուրները։ Հանձնակատարը հավելել է, որ հայ ֆերմերներին ու ձեռնարկություններին ԵՄ աջակցությունն արդեն արդյունք է տալիս, իսկ Հայաստանը հարևանների հետ կապող նախագծերն առաջ են գնում։
Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի տրամադրած ինքնավար առևտրային միջոցները հայկական արտադրանքի համար։ Նրա խոսքով՝ դրանց գործնական կիրառման ուղղությամբ համատեղ աշխատանքներն արդեն շոշափելի արդյունքներ են տալիս՝ նպաստելով ԵՄ երկրներ հայկական արտադրանքի արտահանման աճին։
Կողմերն անդրադարձել են նաև տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկ փոխկապակցվածության զարգացմանն ու դիմակայունության ամրապնդմանը։ Կողմերը կարևորել են քաղաքական հանձնառությունները հստակ ծրագրերի և ներդրումների վերածելու ուղղությամբ աշխատանքները։
Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։
Սեպտեմբերին ԵՄ Խորհուրդը հաստատել էր Հայաստանի համար ժամանակավոր ինքնավար առևտրային միջոցառումներ. ներմուծման մաքսատուրքերը կասեցվեցին դեպի ԵՄ հայկական արտահանման մոտ 80%-ի համար: Արտոնյալ ռեժիմը գործում է երկու տարի։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ 2026 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր երկրի արտահանումը դեպի ԵՄ աճել է 51%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 475 մլն դոլարից հասնելով 717 մլն դոլարի:
Մայիսին Հայաստանը և ԵՄ-ն հայտարարեցին կապի գործընկերության մեկնարկի մասին՝ Երևանում կայացած առաջին երկկողմ գագաթնաժողովում: Այս գործընկերությունը ներառում է տրանսպորտային, թվային և էներգետիկ կապերի զարգացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







