Ազգային ժողովում (ԱԺ) հոկտեմբերի 29-ին պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ը տեղեկացել է ՀՀ գլխավոր դատախազությունից։
Վարույթը նախաձեռնվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու (Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով նրա կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու (452-րդ հոդվածի 3-րդ մաս) հատկանիշներով։ Երկու դեպքում էլ առավելագույն պատիժը հինգ տարվա ազատազրկումն է։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին՝ Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության քննարկման ժամանակ։ ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանն իր ելույթում անդրադարձել է ընդդիմությանն ու Կարապետյանների ընտանիքի քաղաքական գործունեությանը։ Դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ նա պահանջել է ներողություն խնդրել նրա հորեղբոր որդու՝ Սարգիս Կարապետյանի նախընտրական հայտարարության համար։ Պատգամավորների միջև սկսված խոսքակռիվը վերածվել է ծեծկռտուքի։
Ծեծկռտուքի ընթացքում ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն աթոռ է նետել ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։ Բախումը շարունակվել է նաև նիստերի դահլիճից դուրս։
«Ուժեղ Հայաստանում» հայտարարել են, որ կատարվածը նախապես ծրագրված էր։ Խմբակցության պատգամավոր Մարիաննա Հակոբյանը պատասխանատվությունը դրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի վրա՝ նրան մեղադրելով Չախոյանի սադրանքները խրախուսելու և բախմանը չմիջամտելու մեջ։ Ռուբինյանը հերքել է ծեծկռտուքը նախապես ծրագրելու մասին պնդումները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բռնության պատասխանատվությունը դրել է ընդդիմության վրա և իշխող կուսակցության պատգամավորների գործողությունները համարել «համարժեք ու ճիշտ»։ Նա սպառնացել է կոտրել պատգամավորին հարվածել փորձողի ձեռքը՝ անհրաժեշտության դեպքում նաև աթոռով։
Ռուբինյանը ևս աջակցել է իշխող խմբակցության գործողություններին՝ հիշեցնելով իր հայտարարությունը, որ ՔՊ-ն պատրաստ է ընդդիմությանն «անհամաչափ» պատասխանել, եթե վերջինս հրաժարվի բարեկիրթ վարքագծից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







