Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և գրավ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և կիրառվել է 1 մլրդ դրամ գրավ, դատախազությունից հայտնեցին Armenia Today-ին։
Հուլիսի 21-ին՝ ԱԺ ընտրություններում պատգամավոր դարձած թեկնածուների մանդատների բաշխման օրը, դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել Կարապետյանին մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու համաձայնության միջնորդություններ։
Նույն օրն՝ ավելի ուշ, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ միջնորդությունը կապված է դաշինքի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանի դեմ առաջադրված մեղադրանքի հետ, որով նա ներկայումս կալանքի տակ է։
Հուլիսի 22-ին ԿԸՀ-ն համաձայնություն էր տվել Կարապետյանին մեղադրանք առաջադրելու միջնորդությանը։ Երկրորդ միջնորդությունը՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնության մասին, ԿԸՀ-ն վերադարձրել էր դատախազությանը՝ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս լինելու հիմքով։
Հուլիսի 22-ին դատախազը Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել՝ հավաք անցկացնելուն կամ մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման կասկածներով։ Կարապետյանը հայտարարել էր, որ հետապնդումը չի ստիպի իրեն հրաժարվել քաղաքական գործունեությունից։ Դաշինքում նրա նկատմամբ գործընթացը քաղաքական են համարել։






































