Դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն, սակայն հրաժարվել է Armenia Today-ին հայտնել, թե ինչ պահանջի մասին է խոսքը։
Միջնորդություն ներկայացնելու մասին հայտնել է դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Նա նշել է, որ միջնորդությունը քննվելու է ժամը 17։00-ին։ Վարդևանյանը չի բացառել, որ խոսքն այն նույն միջնորդության մասին է, որը հուլիսի 8-ին ԿԸՀ-ն հետ էր վերադարձրել։ Այդ ժամանակ դատախազությունը միջնորդությամբ խնդրել էր համաձայնություն տալ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։
Դատախազությունից Armenia Today-ին հայտնել են, որ չեն կարող բացահայտել նոր միջնորդության բովանդակությունը՝ «նախաքննության շահերից ելնելով»։
Վարդևանյանը նույնպես նշել է, որ տեղյակ չեն այսօր քննվելիք միջնորդությամբ մանրամասներին։ Նա նաև ընդգծել է, թե տեղյակ չէ՝ ինչ վարույթ է հարուցված Կարապետյանի նկատմամբ, որի հիմքով էլ միջնորդություն է ներկայացվել։ Միևնույն ժամանակ, նա նաև չի բացառել, որ միջնորդությունը կարող է առնչություն ունենալ Կարապետյանին վերագրվող՝ «օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու» կասկածով նախաձեռնված վարույթի հետ։
«Հիմա պատկերացրեք՝ Կարապետյանն այսօր՝ ժամը 15:00-ին, պատգամավորի կարգավիճակ է ձեռք բերում, բայց երկու ժամ անց ԿԸՀ-ն իր վերաբերյալ միջնորդություն պետք է քննի: Հերթական քաղաքական հետապնդումն է ու միջամտությունը: Սա իրավունքի նկատմամբ ծաղր է»,- նշել է նա։
Կարապետյանը գլխավորում է խորհրդարանում 29 մանդատ ունեցող երկրորդ քաղաքական ուժը։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն ավելի վաղ հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանը պատրաստվում է վերցնել մանդատը։
Կարապետյանը մայիսին հայց էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի դեմ՝ պահանջելով հերքել իր հասցեին տարածված և իրականությանը չհամապատասխանող այն տեղեկությունները, թե թաքցրել է այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստը։





































