Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ, Armenia Today-ին հայտնել են գլխավոր դատախազությունից։
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, առավելագույն պատիժը՝ 3 տարվա ազատազրկում) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, առավելագույն պատիժը՝ 12 տարվա ազատազրկում)։
Այսօր ավելի վաղ ԿԸՀ-ն մերժել էր Գլխավոր դատախազության՝ Կարապետյանի նկատմամբ ազատությունից զրկելու խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը։ Պաշտպանական կողմն անընդունելի է համարել ԿԸՀ-ի ավելի վաղ կայացրած որոշումը, որով համաձայնություն էր տրվել Կարապետյանին որպես մեղադրյալ ներգրավելուն։






































