ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չի մերժել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը, հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն որոշել է վերադարձնել համապատասխան միջնորդությունը։ Ըստ Հովակիմյանի՝ ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան, Amsterdam & Partners LLP միջազգային իրավաբանական ընկերության հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը Կարապետյանի շուրջ կատարողն անվանել է «սովորական քաղաքական վախ»։
Նրա խոսքով՝ ԿԸՀ-ի կողմից Կարապետյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուն համաձայնություն տալը ինքնին իրավունքի տարրական նորմերի ու Սահմանադրության կոպտագույն խախտում է։ «ԿԸՀ-ն կալանավորման պահանջը հետ ուղարկեց ոչ թե օրենքը հարգելու պատճառով, այլ որովհետև դա անգամ իրենց սահմանած ապօրինության չափերի մեջ չէր տեղավորվում։ Բայց հենց միայն մեղադրանք առաջադրելուն կանաչ լույս վառելով՝ ԿԸՀ-ն ոտնահարեց պատգամավորական անձեռնմխելիության երաշխիքները՝ իրավական ընթացակարգը վերածելով քաղաքական պատվեր կատարելու գործիքի»,- նշել է նա։
Ամստերդամը շեշտել է, որ վաչապետ Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ Կարապետյանն իր ակտիվությամբ դառնում է խորհրդարանի ամենաառանցքային ընդդիմադիր առաջնորդը, ու այդ պատճառով կորցնում է ինքնատիրապետումը։ Նա հավելել է, որ Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության։
«Բայց պատմությունը ցույց է տալիս, որ սեփական ժողովրդի վրա աբսուրդ փաթաթող և օրենքը խաղալիք դարձնող ոչ մի իշխանություն երկար կյանք չի ունենում․ ի վերջո, ինքն էլ խորտակվելու է հենց իր ստեղծած անօրինության ճահճում»,- եզրափակել է փաստաբանը։
Այսօր ավելի վաղ ԿԸՀ-ն վերադարձրել էր Գլխավոր դատախազության՝ Կարապետյանի նկատմամբ ազատությունից զրկելու խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը։ Պաշտպանական կողմն անընդունելի է համարել ԿԸՀ-ի ավելի վաղ կայացրած որոշումը, որով համաձայնություն էր տրվել Կարապետյանին որպես մեղադրյալ ներգրավելուն։ Ավելի ուշ դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Կարապետյանի նկատմամբ։ Կարապետյանը հայտարարել էր, որ քրեական հետապնդումը չի ստիպի իրեն հրաժարվել քաղաքական գործունեությունից։





































