«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն այսօր երկրորդ օրն է շարունակվում Քննչական կոմիտեում։ Ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Armenia Today-ի թղթակցի փոխանցմամբ՝ 2-րդ օրը նույնպես Ծառուկյանի աջակիցները ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության դիմաց են՝ աջակցելու նրան։ Մեր թղթակցի փոխանցմամբ՝ Ծառուկյանին դեռ չեն բերել ՔԿ։
Նրա փաստաբան Երեմ Սարգսյանը հուլիսի 21-ի երեկոյան լրագրողներին հայտնել էր, որ առաջին օրվա հարցաքննությունը տևել է շուրջ ինը ժամ, որի ընթացքում տեղի է ունեցել Ծառուկյանին վերագրվող խոշոր չափերով խարդախության վարույթով տուժող ճանաչված Իրանի քաղաքացու և ԲՀԿ առաջնորդի առերեսումը։
Սարգսյանի խոսքով՝ հնարավոր է նաև առերեսում լինի գործով այլ անձանց հետ, որոնք ևս ճանաչվել են տուժող։
Փաստաբանի խոսքով՝ պաշտպանության կողմը հարցեր է ուղղել իրանցուն, որոնք, իրենց համոզմամբ, նախաքննական մարմինը չի տվել։ Նրա խոսքով՝ գործի նյութերը, ըստ իրենց, վկայում են ոչ թե այն մասին, որ Ծառուկյանը գումար է հափշտակել, այլ հակառակը՝ հենց նա է գումար տվել, որը հափշտակվել է իրենից։
«Այն անձինք, ովքեր նույնիսկ մեկ դրամ ներդրում չեն կատարել, ճանաչվել են տուժող՝ իբր Ծառուկյանը նրանցից գումար է հափշտակել, մինչդեռ այն հանգամանքով, որ Ծառուկյանը նրանց գումար է տվել, ինքն է մեղադրյալ ճանաչվել»,- հայտարարել է Սարգսյանը։
Փաստաբանները հուլիսի 21-ին հայտարարել էին, որ գործով անցնող իրանցիները Ծառուկյանին 14,5 մլն դոլար են պարտք։ Նրանք նաև նշել էին, որ իրանցիները ստորագրել էին պարտավորագիր, որով պետք է երկու տարվա ընթացքում 14,5 մլն դոլարի պարտքը վերադարձնեին ԲՀԿ առաջնորդին։
Նրա խոսքով՝ առերեսման ընթացքում քննիչը, ըստ պաշտպանության կողմի, որոշ հարցեր անօրինական կերպով հանել է, ինչի կապակցությամբ իրենք առարկություններ են ներկայացրել։
Փաստաբանը նաև նշել է, որ ամբողջ քննչական գործողությունը տեսաձայնագրվել է, իսկ հարցերի արդյունքում, իրենց գնահատմամբ, ցույց են տվել, որ ցուցմունքների զգալի մասը չի համապատասխանում իրականությանը։
Մինչդեռ ՔԿ վարկածով՝ Ծառուկյանի և Իրանի մի շարք գործարարների համագործակցությունն օգտագործվել է որպես քող՝ Իրանից Հայաստան 52 միավոր տրանսպորտային միջոց, տեխնիկա, վառելիք և այլ ապրանքներ ներմուծելու և դրանք խարդախությամբ հափշտակելու համար։
Քննչական մարմնի տվյալներով՝ ենթադրյալ հափշտակված գույքի արժեքը կազմել է շուրջ 8,1 մլրդ դրամ (մոտ 21 մլն դոլար)։ Ծառուկյանը չի ընդունում թե այ, թե իրեն առաջադրված մյուս մեղադրանքները՝ դրանք անվանելով «սուտ» և «փուչիկ»։
Ծառուկյանի նկատմամբ գործընթացները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճի ֆոնին են, որն սկսվել էր Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Այդ ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ միլիարդատեր քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։
Նույն ժամանակահատվածում վարչապետը հայտարարել էր նաև ԲՀԿ առաջնորդի հետ կապվող «Արարատցեմենտ» ընկերությունը պետական վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին, որից հետո նախաձեռնվել էին ձեռնարկության գործունեությանը վերաբերող վարույթներ, ավելի ուշ ընկերությունն անցել էր պետության կառավարմանը։ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքը նույնպես անցել էր Երևանի քաղաքապետարանին։
Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի տանը, ինչպես նաև նրա հետ կապվող ավելի քան 70 ընկերությունում իրականացված խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին։ Հուլիսի 7-ին դատարանը կալանավորել էր քաղաքական գործչին։
Ծառուկյանը մեղադրվում է նաև ենթադրյալ խոշոր չափերով խարադախության, ապօրինի որսի մեջ։ Այդ քրեական վարույթի շրջանակում նրա առանձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր։ Առյուծներից մեկը չէր արթնացել ուժայինների կողմից քնաբեր դեղամիջոց ներարկելուց հետո։ Նա անցնում էր նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու գործով, այս մեղադրանքն ավելի ուշ դադարեցվել էր դատախազի կողմից՝ ապօրինի լինելու հիմքով։
Խուզարկություններից հետո Ծառուկյանին պատկանող բազմաթիվ ընկերություններ շարունակում են կապարակնքված մնալ, ինչը հարուցել է աշխատակիցների դժգոհությունը և բողոքի ակցիաների պատճառ դարձել։
Կարդացեք նաև՝
«Անմարդկային է», «ազատ տարածք է պետք»․ հարցում՝ Ծառուկյանի կենդանիների մասին
«Ծառուկյանը պետք է տուժող լիներ»․ փաստաբանը փաստաթղթեր է հրապարակել





































