«Բարգավաճ Հայաստան» կուսկացության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերությունը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը և պահպանմանը, հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանն այս որոշումը կայացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում՝ դատախազության միջնորդության հիման վրա։
Թեպետ Ծառուկյանի դեմ գործընթացների ֆոնին վերջին ամիսներին նաև «Արարատցեմենտին» առնչվող վարույթներ էին հարուցվել, պետական կառավարման մասով որոշման հիմքը դեռ 2023-ին հարուցված վարույթն է՝ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ։
Նույն վարույթով դատախազությունը պահանջել էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 106 մլրդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել 2026-ի ԱԺ ընտրությունների նախընտրական փուլում։ Փաշինյանը հայտարարել էր, որ «միլիարդատեր» քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։ Այս ընթացքում Փաշինյանը հայտարարել էր նաև «Արարատցեմենտը» պետության վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո ընկերությանն առնչվող վարույթներ էին նախաձեռնվել։
Ծառուկյանը ներգրավված է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վարույթում, ինչի պատճառով արգելվել է նաև ելքը ՀՀ-ից։ Նրան մեղադրում են նաև խոշոր չափերով խարադախության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև ապօրինի որսի մեջ, և այդ վարույթի շրջանակում նրա առաձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, առյուծներից մեկը քնեցումից չէր արթնացել։
Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին՝ կալանավորել։ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունել՝ դրանք անվանելով «սուտ» և «փուչիկ»։
Ծառուկյանի բազմաթիվ ընկերություններ շարունակում են կապարակնքված մնալ, ինչն առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը և բողոքի ակցիաների պատճառ դարձել։ «Արարատցեմենտի» աշխատանքը վերսկսել էր աշխատակիցների բողոքի ակցիաներից հետո, մյուս ընկերությունները շարունակում են փակ մնալ։





































