Հուլիսի 6-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են անցկացրել «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու նրան փոխկապակցված 70 ընկերերությունում։ Նույն օրը երեկոյան Ծառուկյանին կալանավորել են, իսկ նրա տնից, որպես իրեղեն ապացույց իրավապահները տարել են երեք առյուծ և մեկ վագր, ինչպես նաև տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ։
Ըստ Քննչական կոմիտեի՝ կենդանիներն առգրավվել են վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում։ Հաջորդ օրը հայտնի է դարձել, որ տեղափոխման համար քնեցված էգ առյուծը չի արթնագել և անկել է: Կենդանաբանական այգուց կատարվածը բացատրել են կենդանու ծեր տարիքով և ուղեկցող հիվանդրոթյուններով։ Իրավապահները գործ են հարուցել առյուծի անկման դեպքի առիթով։
Մինչ առյուծի անկման մասին լուրի տարածվելը՝ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ Ծառուկյանն ուներ վայրի կենդանիներ պահելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և հավելել, որ դրանց պահման պայմանները երկրում լավագույններից էին։ Տոնոյանը հիշեցրել էր նաև, որ տարիներ առաջ Ծառուկյանը առյուծի ձագ էր նվիրել Կենդանաբանական այգուն։
Ավելի վաղ, Ծառուկյանն արձագանքելով իր հասցեին հնչած մեղադրանքներին, Փաշինյանին առաջարկել էր մտնել իր առյուծի վանդակը, եթե վերջինս չկարողանա ապացուցել, որ ինքն օտարերկրյա գործակալ է։ Ի պատասխան այս հայտարարության՝ վարչապետը սպառնացել էր կուսակցության առաջնորդին, որ նրա առանձնատունը մինչև 2031 թվականը վերածելու է ծերերի խնամքի կենտրոնի, ինկ ինքը՝ Ծառուկյանն, առաջիկա տասնամյակներում անցկացնելու է ճաղերի հետևում։
Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ տեղեկանալու, թե արդյոք քաղաքացիները կո՞ղմ են, որ կենդանիները տեղափոխվեն Կենդանաբանական այգի։ Եվ ի՞նչ են կարծում, որտեղ նրանց կապահովեն ավելի լավ պայմաններով։
Քաղաքացիների մեծ մասը, տարբեր հիմնավորումներով, սխալ է համարել կենդաիներին Երևանի Կենդանաբանական այգի տեղափոխելը։ Նրանց կարծիքով կենդանիների համար Ծառուկյանի ստեղծած պայմաններն ավելի լավն էին, քան հիմա կարող է ապահովել Կենդանաբանական այգու տնօրինությունը։
Հարցված քաղաքացիներից մեկը անմարդկային է համարել այն, ինչ իրավապահ մարմինները թույլ տվեցին կենդանիների նկատմամբ։
«Անմարդկային քայլ էր։ Ոչ մի այլ տեղ պայմաններ նախատեսված չէին այդ կենդանիների համար»,- կարծիք է հայտնել քաղաքացին։
Շատ քաղաքացիների կարծիքով Ծառուկյանի նկատմամբ կատարվածը ոտնձգություն էր մասնավոր սեփականության նկատմամբ և նրանք քննադատել են նման գործողությունները։
«Մասնավոր սեփականություն էր։ Ինչո՞ւ տեղափոխեցին, վա՞տ էին ապրում կենդանիներն այնտեղ։ Կենդանաբանական այգում մի քանի անգամ ավելի վատ պայմաններում են պահելու նրանց»,- կարծիք է հայտնել քաղաքացին։
Մեկ ուրիշը դեմ է արտահայտվել և հարցի լուծումը տեսել օրենքի շրջանակում։
«Կենդանիներին քնեցնելով հարցը չի լուծվում, թող օրենքի շրջանակներում լուծեին հարցը»,- դժգոհել է քաղաքացին։
Հարցման մասնակիցներից մեկն անհանգստություն է հայտնել կենդանիների սննդի հետ կապված հարցերում։
«Գագիկ Ծառուկյանն ամեն օր թարմ միս կտար, իսկ Կենդանաբանական այգում կարող է սոված սատկեն դրանք»,- անհանգստացել է քաղաքացին։
Շատ քաղաքացիներ անհանգստացել են կենդանիների հոգեբանական վիճակի համար, քանի որ նրանք այլևս սովոր չեն ապրել այլ պայմաններում։
«Չի կարելի։ Կենդանիները սովոր էին իրենց միջավայրին, կերակրողին, պահողին, ամեն ինչին։ Թող վերադարձնեն իրենց տուն»,- ասել է մեկ այլ քաղաքացի։
Հարցված քաղաքացիներից մեկն էլ դեմ է տեղափոխմանը, քանի որ այդ կենդանիներին փոքրուց խնամել էր Ծառուկյանը, և կատարվածում տեսել այլ պատճառներ։
«Տեղափոխմանը կողմ չեմ, որովհետև Ծառուկյանն էր բերել ու խնամել կենդանիներին փոքրուց։ Բայց դե, քարն էլ է իրենց ձեռքը, պոպոքն էլ»,- ասել է նա։
Որոշ քաղաքացիներ կողմ են, որ կենդանիներին տեղափոխել են Կենդանաբանական այգի և տարբեր պատճառներ են նշում դրա համար։
«Կողմ եմ տեղափոխմանը, որովհետև անհատը իրավունք չունի վայրի կենդանիներ պահել, որքան էլ պայմանները լավը լինեն»,- ասել է մեկ այլ քաղաքացի։
Որոշ քաղաքացիներ առհասարակ դեմ են արտահայտվել, որ վայրի կենդանին պահվի անազատության մեջ՝ անկախ նրանից դա Կենդանաբանական այգի է, թե՞ մասնավոր տարածք։
«Կենդանին պետք է լինի ազատության մեջ, կենդանաբանական այգիներին դեմ եմ»,- ասել է մեկ այլ քաղաքացի։
Հարցված քաղաքացիներից քչերը դժվարացել են կարծիք հայտնել, թե որտեղ է ավելի լավ պահել կենդանիներին, քանի որ ո՛չ այգու, ո՛չ Ծառուկյանի առանձնատանը պահվող պայմաններին ծանոթ չեն։
Մանրամասները՝ տեսանյութում։





































