Դատարանը 2 ամսով կալանավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Դատական գործընթացն ուղիղ հեռարձակվել է Armenia Today YouTube ալիքով։
Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ կալանավորման որոշումն ուղիղ հանձնարարական է։ Նրա խոսքով՝ դատարանը հաստատել է նաև ձերբակալման իրավաչափությունն այն դեպքում, երբ դրա մասին դատարանում քննարկում չկար։
«Կարծես թե որոշումը գրված, պատրաստ վիճակում լիներ և պետք էր ստանդարտ ձևակերպումները տալ, ձևական կողմն ապահովել։ Դատավորը մի հարց չի տվել, կողմերի կարծիքը չի հարցրել»,- ասել է նա։
Պաշտպանական կողմը հավելել է, որ մտադիր է բողոքարկել որոշումը։
Ավելի ուշ Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ Ծառուկյանի գործով ևս մեկ անձ կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել։
Ծառուկյանը մեղադրվում է խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձանապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ։
ՔԿ-ի վարկածով՝ 2022-2024 թվականներին նա, գործով մյուս մեղադրյալների հետ միասին, կազմակերպել էր խարդախության սխեմա՝ Իրանից ապրանքների և վառելիքի ներմուծման հետ կապված։ Քննչական կոմիտեն պնդում է, որ դրա արդյունքում գողացվել է ավելի քան 8,1 միլիարդ դրամ (մոտավորապես 21,7 միլիոն դոլար) արժողությամբ գույք։ Նախաքննությունը նաև կարծում է, որ հետագայում ստացված եկամուտը լվացվել է։
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու ՔԿ-ի միջնորդությունը քննվում էր ժամը 09։00-ից։ Ավելի քան 5 ժամ ՔԿ-ում անցկացնելուց հետո Ծառուկյանը հուլիսի 7-ի գիշերը հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
Հուլիսի 6-ի առավոտյան իրավապահ մարմինները խուզարկել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի տունը և նրա հետ կապված ավելի քան 70 ընկերություն։ Ծառուկյանը հետագայում ձերբակալվել էր։
Քննչական կոմիտեից հուլիսի 7-ին տեղեկացրել էին, որ քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում Ծառուկյանին առնչվող 70-ից ավելի հասցեում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։ Ավելի ուշ գերատեսչությունից Armenia Today-ին հայտնել էին Ծառուկյանի ձերբակալության մասին։
Հունիսի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։
Ճնշումներն ընդդիմության նկատմամբ ուժեղացել էին խորհրդարանական ընտրություններից հետո։ Հուլիսի 4-ին 5 ընդդիմադիր ուժ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը», Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքների հաստատումից հետո հայտարարել էին դիմադրության նոր փուլի մեկնարկի մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սպառնացել էր «ջախջախել» ընդդիմությանը և կոչ արել ընտրությունների արդյունքների հետ անհամաձայն քաղաքացիներին հեղափոխություն անել և փոխել իշխանություններին։
Ավելի վաղ, Ծառուկյանն արձագանքելով իր հասցեին հնչած մեղադրանքներին, Փաշինյանին առաջարկել էր մտնել իր առյուծի վանդակը, եթե վերջինս չկարողանա ապացուցել, որ ինքն օտարերկրյա գործակալ է։ Ի պատասխան այս հայտարարության՝ վարչապետը սպառնացել էր կուսակցության առաջնորդին, որ նրա առանձնատունը մինչև 2031 թվականը վերածվելու է ծերերի խնամքի կենտրոնի, իսկ ինքը՝ Ծառուկյանն, առաջիկա տասնամյակներն անցկացնելու է ճաղերի հետևում։
Իններորդ գումարման ԱԺ են մտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 մանդատով, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները՝ համապատասխանաբար 29 և 12 մանդատով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



