«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ավելի քան հինգ ժամ Քննչական կոմիտեում անցկացնելուց հետո հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
«Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է։ 100%-ով ճիշտ բան չկա, ամեն ինչ պարզ կլինի»,- ՔԿ շենքի մոտ հավաքված և իրեն ծափահարություններով դիմավորած կողմնակիցներին հայտնել է Ծառուկյանը։
Դրանից հետո ԲՀԿ առաջնորդին տեղափոխել են դատարան, որտեղ կքննվի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։
Ավելի ուշ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ ՔԿ միջնորդության քննության դատական նիստը նշանակվել է առավոտյան ժամը 09:00-ին։ Գործը կքննի դատավոր Գարիկ Աբելյանը։
Քննչական կոմիտեից հուլիսի 7-ին տեղեկացրել էին, որ քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում Ծառուկյանին առնչվող 70-ից ավելի հասցեում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։ Ավելի ուշ գերատեսչությունից Armenia Today-ին հայտնել էին Ծառուկյանի ձերբակալության մասին։
Ավելի վաղ՝ հունիսի 25-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։
Ճնշումներն ընդդիմության նկատմամբ ուժեղացել էին խորհրդարանական ընտրություններից հետո։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 64 մանդատ, իսկ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքները՝ համապատասխանաբար 29 և 12 մանդատ։ Հուլիսի 4-ին 5 ընդդիմադիր ուժ, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանը», Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքների հաստատումից հետո հայտարարել էին դիմադրության նոր փուլի մեկնարկի մասին։


































