«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից քննչական գործողությունների ժամանակ տեղափոխված առյուծներից մեկը քնեցնող ներարկումից հետո չի արթնացել, հայտնել են Կենդանաբանական այգուց։
Ըստ այգու վարկածի՝ Ծառուկյանի առյուծի անկելը պայմանավորված է մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով)։
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել էին տարբեր կենդանիների և թռչունների 190 խրտվիլակ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր։ Դրանք ճանաչվել էին որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։ Քննչական կոմիտեիվ պնդում են, որ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 միլիոն դրամի վնաս։
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ծառուկյանն ունեցել է կենդանիներ պահելու բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, իսկ դրանց խնամքի պայմանները համապատասխանել են սահմանված նորմերին ու հանդիսացել լավագույններից մեկը երկրում։ Որպես օրինակ նա հիշեցրել է տարիներ առաջ Երևանի կենդանաբանական այգուն առյուծի ձագ նվիրելու փաստը, ինչը պահանջել էր երկարատև թղթաբանական գործընթաց, և վստահեցրել, որ բոլոր կենդանիների փաստաթղթերը միշտ կարգին էին։
Թարմացվել է՝ 19։00



































