«Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը 2015 թվականին ընդունել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը ձեռք բերելու առաջարկը՝ գիտակցելով, որ այն բարեգործություն է Հայաստանի համար, և որ ընկերությունը շահութաբեր չի լինի. այդ ժամանակ այն սնանկացման եզրին էր, հայտնել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա պատմել է հոր և հորեղբոր՝ պատգամավոր Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի միջև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած քննարկումների մասին, երբ երկրի իշխանությունները (այն ժամանակ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ — խմբ․) դիմել էին ընտանիքին ՀԷՑ-ը գնելու խնդրանքով՝ պարտքերի պատճառով blackout-ը կանխելու և համակարգը քայքայումից փրկելու նպատակով։
Նրա խոսքով՝ հայրը դեմ էր գործարքին՝ նշելով, որ էլեկտրաէներգիայի նման զգայուն ոլորտը անխուսափելիորեն կդառնա դժգոհության աղբյուր, որը կարող է վնասել ընտանիքի անվանը, իսկ ընկերությունն ինքը՝ իր ավերված վիճակում, կդառնա ծանր բեռ։
«Հիշում եմ հորեղբորս խոսքերը՝ եթե անգամ չստացվի ընկերության վիճակը բարելավվել, տարին 15 մլն դոլար կհատկացնենք և կհամարենք դա բարեգործություն Հայաստանի համար»,- գրել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ տարիների աշխատանքի արդյունքում մի օր երբեմնի համարյա սնանկ ընկերությունը դասվել է Moody’s ի վարկանիշով Հայաստանի պետական վարկանիշից բարձր վարկանիշ ունեցող ընկերությունների շարքին: Կարապետյանն ընդգծել է, որ, իհարկե, աշխատանքն անթերի չէր և չէր կարող լինել, դա կոմունալ ոլորտ է, որը միշտ խոցելի կլինի:
«Բայց սնանկ ընկերությունից այսպիսի ցատկը մի անուն ունի՝ լավ տնտեսական կառավարում, հանգիստ, անաղմուկ, անշոու»,- շեշտել է նա:
Կարապետյանը նաև հիշեցրել է, որ անցել է 10 տարի, և հայրենի կառավարությունը «շնորհակալ» գտնվեց Կարապետյանի նկատմամբ: Նրա խոսքով՝ ընկերությունը զրկվեց լիցենզիայից, որպեսզի Քաջարանի պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն՝ ընտրությունների և իշխանությունը պահելու համար:
«Եվ երբ ասում ենք՝ (ՀՀ վարչապետ Նիկոլ — խմբ․) Փաշինյանը մտածում է միայն իր իշխանության մասին, իսկ Սամվելը՝ նաև քո մասին, ճիշտ ենք ասում»,- եզրափակել է Կարապետյանը։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան։
Կարդացեք նաև՝
Ստեր են հրապարակում․ Ղազինյանը՝ ՀԾԿՀ-ի կողմից հոսանքի սակագինը նվազեցնելու առաջարկը մերժելու մասին
«Տաշիր Կապիտալ»-ն էլեկտրաէներգիայի սակագների իջեցման առաջարկ է ներկայացրել ՀԾԿՀ
Հավանական եմ համարում, որ ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից․ Ռոմանոս Պետրոսյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







