Հայաստանը Գազայի հատվածից ընդունել է երեք պաղեստինցի երեխայի և նրանց ուղեկցող անձանց՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակը։
Գրասենյակի տվյալներով՝ երեխաներից երկուսը, որոնք ունեն սրտի բնածին արատներ, հաջողությամբ վիրահատվել են սրտաբանական կլինիկայում։
Երրորդ երեխան, որը նախկինում լյարդի և երիկամի փոխպատվաստման է ենթարկվել, մասնագիտացված հետփոխպատվաստումային բուժօգնություն է ստանում բժշկական կենտրոնում։
ԱՀԿ-ի տեղեկացմամբ՝ երեխաների Հայաստան տեղափոխումը ՀՀ առողջապահության նախարարության, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ու ԱՀԿ-ի համատեղ ջանքերի արդյունքն է։ Նախաձեռնությանն աջակցել են նաև գործընկեր երկրները։
Բոլոր երեք երեխաների դուրսգրումից հետո Հայաստանը նախատեսում է գնահատել նախաձեռնության արդյունքները և քննարկել դրա շարունակման հնարավորությունը՝ բժշկական օգնության կարիք ունեցող ավելի շատ երեխաների աջակցելու նպատակով։
Հայաստանի կառավարությունն օգոստոսի 20-ին 16,7 մլն դրամ (մոտ 45,6 հազար դոլար) էր հատկացրել Գազայի հատվածից երեք երեխայի բուժման և բժշկական տարհանման համար։ Գումարից 12,5 մլն դրամը նախատեսված էր բուժման, իսկ մնացած մասը՝ տեղափոխման, կացության և հարակից ծախսերի համար։
Ավելի վաղ՝ փետրվարի 2-ից, Հայաստանը ԱՀԿ-ի հետ աշխատանքներ է տանում Գազայից երեխաների բուժումը կազմակերպելու ուղղությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







