ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ
Անցնող շաբաթվա ընթացքում ներքաղաքական դաշտում բազմաբնույթ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ինչպես կապված էին նախորդ շաբաթների ընթացքում սկսված գործընթացների հետ, այնպես էլ նոր մեկնարկներ էին ՀՀ ներքաղաքական խճանկարում։
Հունիսի 30-ին Ազգային ժողովը միաձայն ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին որոշումը ուժը կորցրած համարելու մասին նախագիծը: Հիմնավորման համաձայն՝ հանրաքվե անցկացնելու կարիք չկա, քանի որ ԱԺ-ում անցկացված սահմանադրական փոփոխությունները բավարար են եղել ՍԴ-ի հարցը լուծելու համար։ Այդպիսով, Ազգային ժողովում նախորդիվ ընդունված սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմի երեք դատավորներ ազատվեցին իրենց պաշտոններից։
Սակայն Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրեց, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու, ինչն, ըստ էության, հարցի կարգավորման հետ կապված արդեն այլ ընթացակարգեր է ենթադրում։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր պատգամավորական մեկ մանդատը վերականգնելու համար գրությամբ դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հիմնավորումն այն է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը։
«Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հունիսի 30-ին հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին ՀՀ գլխավար դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ներկայացրին նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում, որը ԱԺ նախագահի կողմից հաստատվեց։
Ներքաղաքական իրադրության առաջին շարքերում այս շաբաթ առինքնող էր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նախ իր անվան հետ կապված զրպարտության վերաբերյալ հաղորդում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազին, ապա նամակ-ուղերձ հղեց այն քաղաքացիներին, որոնք «Պողոս չեն», հայտարարեց, որ Հայաստանի ԱԱԾ-ն արդեն գրեթե ապրում է իր հետ միասին, ծառայության աշխատակիցները ապրում են իր հեռախոսում և հետևում են զանգերին։ Իսկ կուլմինացիան՝ կորոնավիրուսի հետևանքով մահացած գյումրեցի տատիկի դիակի կորելու մասին նրա հաղորդումն էր, որն իսկական պոլեմիկայի վերածվեց Զոհրաբյանի և առողջապահական համակարգի պատասխանատուների միջև։
Շաբաթվա վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն։ Փաշինյանը հույս հայտնեց, որ նոր Սահմանադրության նախագիծը կընդունվի 2021 թվականին կայանալիք հանրաքվեում:
Կառավարության ղեկավարի կողմից այս հայտարարությունը հնչեցվել է սոցհարցման տվյալների հրապարակման ֆոնին, ըստ որի՝ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 85 տոկոսը:
ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ
Անցնող շաբաթ լայն քննարկման արժանացավ գույքահարկի մասին օրենքում կատարվող փոփոխությունները։ Հիմնական շրջանառվող տեսակետի այն էր, թե ինչո՞ւ է ճգնաժամային պայմաններում իշխանությունը գույքահարկը ավելացնում։ Ըստ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի՝ այդ տեսակտները կա՛մ սխալ ընկալման արդյունք են, կա՛մ որոշ դեպքերում միտումնավոր մանիպուլյացիա: Թունյանը նշել է, որ բուն նախագիծը, որ հանգեցրել է գույքահարկի ավելացման, կադաստրային արժեքների մոտարկման նախագիծն է, որն ընդունվել է անցած տարի՝ նշելով, որ հիմա այս նախագծով փորձ է արվում մեղմել այդ նախագծի էֆեկտը։
Նույն թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ բարեփոխումն այս ոլորտում այն նախաձեռնությունների տրամաբանական շարունակությունն է, որոնք ձեռնարկվել են հարկային համակարգի ռազմավարության փոփոխման համար։ «Մեր առջև խնդիր էր դրված մեղմել հարկային բեռը տնտեսության խթանման համար, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է ապահովել պետբյուջե մտնող եկամուտների ստեղծված մակարդակը»,-նշել է նա։
Հանրապետության նախագահն էլ ստորագրեց գույքահարկին առնչվող ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, կարծիք հայտնելով, որ դրա ընդունումը ժամանակավրեպ է:
ՀՀ կառավարության հրապարակման համաձայն՝ Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»։ «Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ»,-հայտարարեց վարչապետը։
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Մեր թվերը հիմա ցույց են տալիս, թե բոլորս ինչքան և ինչպես ենք քամահրական վերաբերմունք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ»,-այսպես է բնութագրել ՀՀ-ում համաճարակաբանական իրավիճակը վարչապետ Փաշինյանը՝ շաբաթվա սկզբում տեղի ունեցած պարետատան նիստին։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ որոշ կանխատեսումներ արեց կորոնավիրուսային համաճարակի հետագա տարածման և հաղթահարման ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։ Նախ նա հայտարարեց, որ կորոնավիրուսի կոլետիվ իմունիտետ ձեռք բերելու համար Հայաստանի 3 միլիոն բնակչության 80%–ը՝ մոտ 2 միլիոն 400 հազար մարդ պետք է վարակվի, ապա նշեց, որ տարբեր գնահատականներով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի կա՛մ 2020-ի վերջին, կա՛մ 2021-ի սկզբին, ինչը պարզ կլինի աշնանը: «Բայց ընդհանուր փաստը, որ դա լինելու է, փոխելու է իրավիճակը, ու մենք վերադառնալու ենք սովորական կյանքի՝ առանց դիմակների, արդեն ուրախալի է»,-հուսադրեց նախարարը։
Համաճարակի դեմ պայքարին միացավ «Սպիտակի» բժշկական կենտրոնը, ԵՄ-ը դեսպանը հայտարարեց, որ առաջիկա օրերին ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու համար Իտալիայից և Գերմանիայից նույնպես խմբեր կժամանեն։ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից հայտարարեցին, որ COVID-19-ի ախտորոշման հայկական արտադրության 6000 լաբորատոր թեստերը պատրաստ են: Կորոնավիրուս հաստատվեց մի շարք քաղաքական գործիչների՝ այդ թվում Գագիկ Ծառուկյանի, Արթուր Վանեցյանի, Արծվիկ Մինասյանի մոտ և այլն։
Ընդհանուր համաճարակային իրավիճակին զուգահեռ հնարավոր չեղավ խուսափել նաև տհաճ միջադեպերից։ Մասնավորապես պարզվեց, որ կորոնավիրուսի հետևանքով մահանալուց հետո գյումրեցի Սոնիկ Կարապետյանի դիակը այլ տեղ է տեղափոխվել և հուղարկավորվել։ Հարցաքննության արդյունքում պարզվեց, որ սանիտարը չի հասկացել բժշկի ձեռագիրը։ Արսեն Թորոսյանն էլ իր հերթին պարզաբանեց, որ գյումրեցի մահացած կնոջ դիակի ճանաչման պրոցեսում տեղի է ունեցել շփոթմունք․ հարազատն իր հարազատի դին ճանաչել է, բայց իրականում այդպես չի եղել, հետո ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանի Հանրային հեռուստատեսության (Հ1) ռեպորտաժում ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկության մասին ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմից սահմանադրական հանրաքվեի խախտումների մասին հայտարարությունը լուրջ շահարկումների տեղիք տվեց։ Արձագանքներ եղան ՌԴ-ի ոչ պաշտոնական շրջանակներից։ Այն, սակայն, քննադատության ալիք բարձրացրեց հատկապես հայաստանյան ընդդիմադիրների շրջանում։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընդհուպ հայտարարեց, որ ամեն ինչ կանի ՀՀ-ում հակառուսական տրամադրությունների տարածումը կանխելու համար։
Եվրամիությունը հրապարակեց 15 «անվտանգ» երկրների ցանկը, որոնց քաղաքացիների համար Եվրոպայի սահմանը բաց կլինի հուլիսի 1-ից։ Սակայն Հայաստանը դուրս է մնացել այդ երկրների ցանկից։
Կոռուպցիայի դեմ պայքարելու համար ԱՄՆ-ն 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի Հանրապետությանը։ Իր հերթին Արցախի հանրապետությունը Արցախի ժողովրդի անունից տեղում արտադրված բժշկական նշանակության պարագաներ կուղարկի Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգ՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար:
ԻՐԱՎԱԿԱՆ
Իրավական կարևոր գործընթացների հետ կապված միջոցառումներն այս շաբաթ բնութագրվում են մեկ բառակապակցությամբ՝ «հետաձգվել են»։ Այսպիսի արձանագրություններ են ստացվել Սերժ Սարգսյանի և մյուսների գործով, Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննության, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստերի հետ կապված։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







