Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է հոկտեմբերի 25-ին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները։ Քաղաքացիները կարող են ստուգել իրենց տվյալները ՆԳՆ հարթակում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժնում։
Ընտրություններ կանցկացվեն Հայաստանի 21 համայնքում
Ցուցակները հրապարակվել են Հայաստանի 10-ը մարզի 21 համայնքի համար։ Արարատի մարզում ընտրություններ կանցկացվեն Արտաշատում, Արմավիրի մարզում՝ Արաքսում և Արմավիրում, Գեղարքունիքի մարզում՝ Գավառում, Մարտունիում և Վարդենիսում, Լոռու մարզում՝ Ստեփանավանում և Ֆիոլետովոյում։
Կոտայքի մարզում քվեարկություն կանցկացվի Գառնիում, Ծաղկաձորում և Հրազդանում, Շիրակի մարզում՝ Ախուրյանում և Արթիկում, Սյունիքի մարզում՝ Գորիսում և Մեղրիում, Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորում, Ջերմուկում և Վայքում։ Ընտրություններ կանցկացվեն նաև Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան, ինչպես նաև Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։
Ի՞նչ անել, եթե ձեր անունը չկա ընտրողների ցուցակում
ՆԳՆ-ն պարզաբանել է այն քաղաքացիների գործողությունների կարգը, որոնք ընտրելու իրավունք ունեն, սակայն իրենց տվյալները չեն գտել ընտրողների վերջնական ցուցակներում։ Քվեարկության օրվան նախորդող հինգ օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև ավարտը, քաղաքացիների որոշ խմբեր կարող են դիմել լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար անհրաժեշտ տեղեկանք ստանալու նպատակով։
Մասնավորապես՝ կարող են դիմել համապատասխան ընտրական տեղամասի տարածքում հաշվառված, սակայն այդ տեղամասի ընտրողների ցուցակից դուրս մնացած քաղաքացիները։ Նույն հնարավորությունն ունեն այն անձինք, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում դիմել են համապատասխան տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար, մերժում չեն ստացել, սակայն նրանց տվյալները չեն ներառվել ցուցակում։
Դիմել կարող են նաև այն քաղաքացիները, որոնք հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի տարածքում, սակայն քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու պատճառով չեն ընդգրկվել ընտրողների ցուցակում։
Մյուս խումբը համապատասխան ընտրական տեղամասի տարածքում հաշվառված այն անձինք են, որոնք ցուցակում չեն ընդգրկվել Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում Հայաստանում փաստացի գտնվելու պահանջը չբավարարելու պատճառով։
Որտե՞ղ դիմել և մինչև ե՞րբ
ՆԳՆ-ից հայտնել են, որ նշված չորս հիմքից առնվազն մեկին համապատասխանող քաղաքացիները կարող են հոկտեմբերի 20-25-ի ժամը 20։00-ն դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակ։ Այնտեղ նրանք կարող են ստանալ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար անհրաժեշտ տեղեկանք։
ՆԳՆ-ն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորել է նախապես ստուգել իրենց տվյալները և ճշտել ընտրատեղամասը՝ հոկտեմբերի 25-ին քվեարկության գործընթացն ավելի արագ և սահուն կազմակերպելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







