Ազգային ժողովի այսօրվա նիստում միաձայն ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու մասին որոշումը ուժը կորցրած համարելու մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 81 պատգամավոր:
Ըստ այդմ՝ Սահմանադրական հանրաքվեն, որ նախատեսված էր անցկացնել ՍԴ հարցով, այլևս չի լինի․ դրա կարիքն այլևս չկա։ Հիմնավորման համաձայն՝ հանրաքվե անցկացնելու կարիք չկա, քանի որ ԱԺ-ում անցկացված սահմանադրական փոփոխությունները բավարար են եղել ՍԴ հարցը լուծելու համար։
Հարցը զեկուցող իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունները թույլ են տալիս հրաժարվել հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունից։
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, ձեռնպահ՝ զրո և 1 դեմ:
Ազգային ժողովում նախորդիվ ընդունված սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմի երեք դատավորներ ազատվել են պաշտոններից։ Այդ հաստիքները լրացնելու համար կարգ կա, ըստ որի՝ ՀՀ նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունը հերթականությամբ թեկնածուներ են առաջարկում։
Խորհրդարանն այսօր փոփոխեց այդ հերթականությունը, ըստ որի առաջին առաջադրումը կատարվելու է՝ Կառավարության, երկրորդը՝ Հանրապետության Նախագահի, երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:
Նշենք, որ նիստին մասնակցում էին միայն իմքայլական պատգամավորներն ու մեկ անկախ պատգամավոր։ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունները չեն ներկայացել նիստին։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



