Ի հեճուկս Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակի սոցիալական ցանցերի մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ մեր հայրենակիցները շաբաթ-կիրակի օրերին կազմակերպել են ամառանոցային խնջույքներ, զանգվածային ուխտագնացություններ։ Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր թվերը հիմա ցույց են տալիս, թե բոլորս ինչքան և ինչպես ենք քամահրական վերաբերմունք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ։ Քանի որ այս երևույթը այսպիսի մաշստաբներ է ստացել, կարծում եմ՝ բոլորս՝ ինձնից սկսած որևէ քաղաքացուց վերջացրած, պետք է ռեստարտի ենթարկենք մեր հակահամաճարակային վարքագիծը՝ հակառակ դեպքում չենք կարողանալու այս իրավիճակը հաղթահարել»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց, որ առաջին հերթին պետական կառավարման մարմինները պետք է իրենց գործունեության ոլորտում պահպանեն հակահամաճարակային կանոնները՝ նշելով, որ բոլոր տեղերում ոչ միայն պետք է լինեն գծանշումներ, այլև կոնկրետ պաշտոնյաներ հետևեն կանոնների պահպանմանը։
«Ոստիկանությունը պետք է նախ ինքն իր շարքերում հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր կարգապահություն ցուցաբերի, և ոստիկանության ներկայացուցիչները ոչ մի դեպքի կողքով չպետք է անտարբեր անցնեն։ Այս ամենը կարևոր է այն առումով, որ ցույց տանք՝ բոլորս կարող ենք հավաքական կերպով հաղթահարել իրավիճակը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսը 433 մարդու կյանք է խլել, և յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ հակահամաճարակային կանոնները չպահպանելով՝ ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկին դատապարտում է մահվան՝ նշելով, որ բոլորս մեր դիմացինին պետք է վերաբերվեք որպես վարկակրի։
«Համաճարակի հաղթահարման լավագույն սցենարը սոցիալական համերաշխության տրամաբանությամբ հանրային կարգապահության ավելացումն է, որի արդյունքում տնտեսական ճգնաժամը կհաղթահարենք հնարավոր լավագույն սցենարով։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե մենք գնանք լոֆդաունի, սակայն չպահպանենք հակահամաճարակային կանոնները, ապա դա մեր տնտեսության համար կունենա երկարաժամկետ և աղետալի հետևանք»,- ասաց վարչապետը։
Վարչապետը հայտնեց, որ այս պահին ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 123 հիվանդ, ծանր վիճակում է գտնվում 529 հիվանդ, 1739 հիվանդի մոտ կա թոքաբորք, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի նրանց վիճակը կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



