Գերմանիայի զինված ուժերը նախատեսում են դադարեցնել չինական արտադրության անօդաչու սարքերի օգտագործումը զորանոցներում և զորավարժարաններում։ Այս մասին պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է Deutschlandfunk ռադիոկայանին։
Նրա խոսքով՝ այդ սարքերը կփոխարինվեն ազգային կամ եվրոպական արտադրության անօդաչուներով։ Որոշումը կապված է մտահոգության հետ, որ սարքերը կարող են տվյալներ հավաքել և փոխանցել Չինաստանի հատուկ ծառայություններին։ Խոսքը հնարավոր ռիսկերի մասին է. նախարարության պատասխանում տվյալների փոխանցման հաստատված դեպքեր չեն ներկայացվում։
Spiegel-ի տվյալներով՝ ցուցումը վերաբերում է հիմնականում DJI-ի նման չինական արտադրողների առևտրային փոքր անօդաչուներին և ամբողջ զորքի համար տրվել է վերջին շաբաթների ընթացքում։ Նախարարությունը չի նշել, թե քանի անօդաչու է ունի բանակը՝ պատճառաբանելով ռազմական անվտանգությունը։ Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ սահմանափակումներ կարող են կիրառվել նաև ցանցին միացված և սենսորներով հագեցած մեքենաների նկատմամբ՝ արգելելով դրանց մուտքը ռազմական տարածքներ։ Spiegel-ը գրում է, որ խոսքը վերաբերում է նաև BYD-ի, Geely-ի և NIO-ի նման չինական ավտոարտադրողների մեքենաներին։
Ուկրաինայի պատերազմից հետո Գերմանիայի բանակը ձգտում էր արագ զարգացնել փոքր անօդաչուների կիրառման հնարավորությունները։ Նախկինում չինական անօդաչուների օգտագործումը բացատրվում էր նրանով, որ դրանք նախատեսված են միայն ուսումնական և սովորական առաջադրանքների համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







