Մաշկի քաղցկեղի դեմ երկամյա պայքարից հետո 39 տարեկանում մահացել է ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը, հայտնել է Daily Mail-ը՝ հղում անելով նրա ընտանիքին։
Բռնցքամարտիկի ընտանիքը նշել է, որ սգում է «սիրող ամուսնու, նվիրված հոր և մեծ սրտով մարդու կորուստը, որը հետք է թողել իրեն ճանաչող բոլոր մարդկանց վրա»։
«Նա թողեց դատարկություն, որը հավերժ կմնա մեզ հետ։ Մենք նրան շատ էինք սիրում, և անասելի կկարոտենք։ Դժվար կլինի, բայց այն միտքը, որ նա գնում է ավելի լավ տեղ՝ ազատ ցավից և տառապանքից, մեզ հույս է տալիս»,- ասվում է ընտանիքի հայտարարության մեջ։
Մարտիրոսյանը ծնվել է Հայաստանում, բայց չորս տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գլենդել։ Նա ժառանգել է հոր սերը բռնցքամարտի նկատմամբ և սկսել է մարզվել յոթ տարեկանում։
18 տարեկանում Մարտիրոսյանը ներկայացրել է Միացյալ Նահանգները 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերում 69 կգ քաշային կարգում։ 20 տարեկանում նա կատարել է իր պրոֆեսիոնալ բռնցքամարտի դեբյուտը լեգենդար Ֆրեդի Ռոուչի մարզչությամբ։
2024 թվականի հոկտեմբերին նա «Boxing Scene»-ին տված հարցազրույցում խոսել է իր հիվանդության մասին՝ ասելով, որ բռնցքամարտում մարզիկն ունի պաշտպանություն՝ ռինգի մոտ գտնվող բժիշկ, շտապօգնության անձնակազմ և մրցավար, մինչդեռ քաղցկեղը նման պաշտպանություն չի առաջարկում։ Մարտիրոսյանը խոստովանել է, որ չի կարողանում վերահսկել հիվանդության զարգացումը, վախենում է դրա վատթարացումից և ամեն օր աղոթում է հրաշքի համար։ Նրա խոսքով՝ բժիշկները նրա ախտորոշումը համարել են չափազանց հազվադեպ, որը ազդում է բնակչության միայն մեկ տոկոսի վրա։
Մարտիրոսյանը նաև ասել է, որ իր ավագ եղբայրը մահացել է սրտի կաթվածից 40 տարեկանում։ «Մայրիկս և հայրիկս արդեն թաղման տեղ են ամրագրել նրա կողքին։ Ես նրանց ասել եմ, որ չեմ ուզում հաջորդը լինել»,- ասել էր բռնցքամարտիկը։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







