Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ, տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ կալանավորված հոգևորականներին և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին ազատ արձակելու պահանջով, հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։
Հավաքի մասնակցիները քննադատել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները և նշել, որ դրանք «սփռում են քաոս, թունավորում են հասարակական գիտակցությունը», «թշնամանք տարածում ժողովրդի շրջանում»։ Նրանք նաև կոչ են արել հայերին չտրվել իշխանությունների սադրանքներին։
Հայաստանում կալանքի տակ են Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ազատազրկման է դատապարտված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։
Դատարանն օգոստոսի 15-ին երկու ամսով երկարացրել էր նրա կալանքը։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանների բողոքը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ գործարարի կալանքն ուժի մեջ թողնելով մինչև հոկտեմբեր: Դատարանը հոկտեմբերի 16-ին 30 օրով երկարաձգել էր նրա կալանքի ժամկետը: Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը։
Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել։ Միջնորդությունը քննվելու է նոյեմբերի 17-ին։



































