Հակակոռուպցիոն դատարանը 30 օրով երկարաձգել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է մասնակի, կալանքի ժամկետը երկարաձգվել է 30 օրով։ Կարապետյանին մեղսագրվում է կոչերը, այն աբսուրդը, որի մասին բոլորը տեղյակ են, պարզապես հարցազրույցի համար մեղադրանք առաջադրել և այն դիտարկել իբրև կոչ։ Այնուհետև մեղսագրվել էր տնտեսական բնույթի իբրև հանցանք և վերջերս 3-րդ դրվագն էր մեղսագրվել՝ կրկին տնտեսական բնույթի»,- նշել է Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ դատարանն այսօր արձանագրել է, որ 2-րդ և 3-րդ դրվագները նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։
«Ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է այն տրամաբանությամբ, որ կա՛մ ավարտեք գործն, ուղարկեք դատարան, կա՛մ ավարտեք»,- հավելել է փաստաբանը։
Դատարանը հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ից քննում էր Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Նա մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով քաղաքական:
Կալանքի երկարաձգման հարցով նիստից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 13-ին, Քննչական կոմիտեն ևս մեկ դրվագ էր ավելացրել փողերի լվացման հոդվածին:




































