«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ, Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ Կարապետյանի կալանքը մեկ ամսով երկարաձգելու որոշման դեմ բողոքներ էին ներկայացրել պաշտպանական կողմը և դատախազությունը:
«Ակնկալում էինք, որ կալանքն անհապաղ վերացվեր և արձանագրվեր նաև «կոչի» դրվագով հիմնավոր կասկածի բացակայությունը: Դատախազությունը պահանջում էր, որ արձանագրվեր տնտեսական բնույթի մեղադրանքներով հիմնավոր կասկածը և, փաստացի, մեկ ամիս կալանքի փոխարեն՝ 2 ամիսը: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը»,- նշել է փաստաբանը:
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո: Դատարանն օգոստոսի 15-ին երկու ամսով երկարացրել էր նրա կալանքը։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանների բողոքը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ գործարարի կալանքն ուժի մեջ թողնելով մինչև հոկտեմբեր: Դատարանը հոկտեմբերի 16-ին 30 օրով երկարաձգել էր գործարարի կալանքի ժամկետը:




































