«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը երկու հայց է ներկայացրել Ազգային ժողովի աշխատակազմի դեմ, տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Նա պահանջում է վերականգնել իր մուտքը խորհրդարան և անվավեր ճանաչել իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը։ Դատարանը հայցն ընդունել է վարույթ։
Առաջին հայցով Սուքոյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել ԱԺ աշխատակազմին վերացնել իր աշխատանքային պարտականությունների կատարման խոչընդոտները։ Երկրորդ հայցով նա պահանջում է անվավեր ճանաչել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի՝ 2025 թվականի օգոստոսի 12-ի հրամանը, որով իր նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել։
Առաջին հայցը գրանցվել է նոյեմբերի 11-ին։ Գործը մակագրվել է Երևան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Սերինե Խաչատրյանին։
Սուքոյանի մուտքը խորհրդարան սահմանափակվել է հոկտեմբերի 29-ին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի և Ծովինար Վարդանյանի հետ միջադեպից հետո։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին՝ Ազգային ժողովի սրճարանում։
Սուքոյանի հրապարակած՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանի որոշման համաձայն՝ արգելքը սահմանվել է ժամանակավորապես՝ «հետագա անցանկալի հետևանքները» կանխելու նպատակով։
Որոշման տեքստի համաձայն՝ դրա պատճառը Սուքոյանի, Ալեքսանյանի և Վարդանյանի միջև տեղի ունեցած «արտառոց միջադեպն» է։
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 29-ին լրագրողներին հայտնել է, որ Սուքոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել։
«Ըստ վկայությունների՝ նա ԱԺ պատգամավորների հետ միջադեպ է սադրել, և նրա նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել»,- հայտարարել է Ռուբինյանը։
Սուքոյանն իր հերթին Facebook-ի հրապարակմամբ հերքել է այն պնդումը, թե ինքն է հրահրել միջադեպը։
«Իրականում, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի, ինչից հետո նա նախընտրեց կանանցով շրջապատվել, նոր միայն փորձել ինձ որևէ կերպ պատասխանել»,- գրել էր պատգամավորի օգնականը։
Սուքոյանը նաև գրել է, որ Ալեքսանյանին վաղուց է ճանաչում։ Նրա խոսքով՝ հանդիպելիս Ալեքսանյանը «մինչ օրս իրեն կորցնում է այնպես, ինչպես երիտասարդ տարիներին՝ իրենց բակում»։
Սուքոյանի պնդմամբ՝ միջադեպից հետո Ալեքսանյանը զանգահարել է Ազգային ժողովի նախագահին և պահանջել արգելել իր մուտքը խորհրդարանի շենք։
Ազգային ժողովի աշխատակազմը Սուքոյանից նաև գրավոր բացատրություններ է պահանջել միջադեպի և Facebook-ում նրա հրապարակումների վերաբերյալ։
Պատգամավորի օգնականը հայտնել է, որ գրավոր բացատրություն է ներկայացրել միայն խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Սուքոյանն իր մուտքի արգելքն անօրինական է համարում։ Նա ենթադրում է, որ ԱԺ աշխատակազմն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար նյութեր է հավաքում և մտավախություն ունի, որ երկու կարգապահական տույժից հետո իրեն կարող են ազատել աշխատանքից։
Սուքոյանն իր մուտքի արգելքն անօրինական է համարում։ Նա ենթադրում է, որ ԱԺ աշխատակազմն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար նյութեր է հավաքում և մտավախություն ունի, որ երկու կարգապահական տույժից հետո իրեն կարող են ազատել աշխատանքից։
Ավելի ուշ՝ նոյեմբերի 1-ին, Սուքոյանը Facebook-ում հայտարարել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ որևէ մեկն իր խնդրանքով Ալեքսանյանին չէին կարող իր հարցով ինչ-որ բան պայմանավորվել։
Պատգամավորի օգնականը պարզաբանել է, որ հրապարակման պատճառը տարբեր հարթակներում շրջանառվող տեղեկություններն են, թե իբր փորձեր են արվել պայմանավորվածության հասնել Ալեքսանյանի հետ։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 7-ին, ԶԼՄ-ներին հայտնի էր դարձել, որ նախորդ օրը տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորի 6 օգնականի արգելել են մուտք գործել խորհրդարան։
Սրճարանում տեղի ունեցած միջադեպի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 29-ին, խորհրդարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել իշխանության և ընդդիմության պատգամավորների միջև։
Բախման ընթացքում Ալեքսանյանը աթոռ է նետել ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ։ Բախումները շարունակվել էին միջանցքում, որտեղ պետական պահպանության ծառայության աշխատակիցները բաժանել էին պատգամավորներին և խորհրդարանի աշխատակիցներին։
Ծեծկռտուքից հետո գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ խմբակային խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական գործունեությանը խոչընդոտելու նպատակով բռնություն գործադրելու հոդվածներով քրեական վարույթ էր նախաձեռնվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







