Խոսրովի անտառ պետական արգելոցում տեղադրված տեսախցիկները կրկին կովկասյան ընձառյուծ են ֆիքսել, հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նույնպես հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով արգելոցում հազվագյուտ գիշատչի ներկայության մասին։
«Կովկասյան ընձառյուծի և նրա ապրելավայրերի պահպանությունը մեր երկրի կենսաբազմազանության պաշտպանության կարևոր մասն է»,- նշել է նախարարը։
Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել արգելոցի աշխատակիցներին և միջազգային գործընկերներին, ովքեր ամեն օր աշխատում են Խոսրովի անտառը և դրա վայրի բնությունը պահպանելու համար։
Խոսրովի անտառ պետական արգելոցում կովկասյան ընձառյուծ նախկինում ևս տեսանկարահանվել էր՝ 2022 թվականի հուլիսին։ Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ 2026 թվականի հոկտեմբերին Գնդասարի պահպանվող տարածքում արձանագրվել էր նախկինում չնույնականացված ընձառյուծ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հայտարարել էր, որ, իր գնահատմամբ, Հայաստանում ապրում է վեցից յոթ ընձառյուծ։ Նա նաև հայտնել էր, որ 2024 թվականին երկրում ծնվել է ընձառյուծի երկու ձագ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







