Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում հավանություն է տվել նախագծին, որով նախատեսվում է հաստատել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ բյուջետային աջակցության նպատակով 250 մլն եվրոյի վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը։ Նիստի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Զարգացման ֆրանսիական գործակալության հետ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին ստորագրված համաձայնագրով վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով՝ հնգամյա արտոնյալ ժամանակահատվածով։ Վարկային միջոցները կտրամադրվեն մեկ մասնաբաժնով։ Ծրագիրը նախատեսում է նաև Ասիական զարգացման բանկի կողմից մինչև 250 մլն դոլարի համաֆինանսավորում։
Որոշման հիմնավորմամբ՝ Հայաստանը կարող է ընտրել լողացող կամ ֆիքսված տոկոսադրույք։ Լողացող տոկոսադրույքը հաշվարկվում է վեցամսյա EURIBOR տոկոսադրույքին 2,3 տոկոսային կետ գումարելով և հոկտեմբերի 30-ի տվյալներով կկազմեր 5,292%։ Ֆիքսված տոկոսադրույքի հաշվարկման համար հիմք է ընդունվում 5,94% կողմնորոշիչ տոկոսադրույքը։
Վարկի միանվագ գնահատման վճարը կկազմի 1,25 մլն եվրո։ Համաձայնագրով նախատեսվում է նաև վարկի չմասհանված գումարի նկատմամբ տարեկան 0,5%-ի չափով պարտավորության վճար և չեղարկված գումարի 2,5%-ի չափով չեղարկման վճար։ Ժամկետանց վճարումների դեպքում կիրառելի տոկոսադրույքին կգումարվի 3,5 տոկոսային կետ։
Վարկի մայր գումարը Հայաստանը կմարի 30 հավասարաչափ կիսամյակային վճարումներով։
Ֆինանսավորումը նախատեսված է Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի նոր եռամյա ծրագրի առաջին ենթածրագրի շրջանակում։ Ծրագրի հայտարարված նպատակներից են հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումը և արտաքին ֆինանսավորումից Հայաստանի կախվածության նվազեցումը՝ ներպետական ռեսուրսների մոբիլիզացման և գործարար միջավայրի բարելավման միջոցով։
Ծրագրով նախատեսվում է բարելավել հարկաբյուջետային կառավարումը և հանրային ծառայությունների մատուցումը, բարենպաստ պայմաններ ստեղծել մասնավոր հատվածի զարգացման համար, կատարելագործել պետական պարտքի կառավարումը և բարձրացնել ֆինանսական շուկաների արդյունավետությունը։
Հայաստանի պետական բյուջեից համաֆինանսավորում չի նախատեսվում։ Կառավարության հավանությանն արժանացած հրամանագրի նախագիծը կներկայացվի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ հաստատման։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







