Ավելի քան 4 ժամ տևած նիստից հետո Երևանի դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին կալանավորելու քննչական մարմնի միջնորդության մասին, լրագրողների հետ զրույցում հայտնել են գործարարի պաշտպանները։
Փաստաբան Արմեն Ֆերոյանի խոսքով՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու հստակ ժամը հայտնի չէ, սակայն, ըստ պաշտպանական կողմի, այն կհրապարակվի առաջիկա 1-2 ժամվա ընթացքում: Նա տեղեկացրել է, որ դատավորը մանրամասն քննել է թե՛ քննիչի միջնորդությունը, թե՛ պաշտպանական կողմի հիմնավորումները:
Պաշտպանական կողմը հայտնել է, որ մեղադրանքի հիմքում դրված է Կարապետյանի վերջին հարցազրույցի տեսագրությունը: Փաստաբանները վստահություն են հայտնել, որ տեսագրությունն առերևույթ որևէ հանցակազմ չի պարունակում:
Փաստաբան Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ՝ դատախազությունը չի կարողացել դատարանում հիմնավորել մեղադրանքը, դատախազի և քննիչի հիմնավորումները եղել են «շատ անհամոզիչ»։ Փաստաբանն ընդգծել է, որ գործընթացը լիովին անօրինական է և իրավական բնույթ չունի։
Հակոբյանն ավելացրել է, որ դատական նիստի ընթացքում Կարապետյանն արձագանքել է այն հարցին, թե ի՞նչ է նկատի ունեցել հարցազրույցում՝ հայտարարելով, որ «ինքն իր ձևով» կմասնակցի եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։
«Նա ասաց, որ որևէ քաղաքական գործընթացին մասնակցելու կոչ չի արել»,- ընդգծել է փաստաբանը։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Վարչապետը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Սամվել Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







