Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:46

ԱՄՆ-ն համաձայնել է ընդլայնել TRIPP-ի աշխարհագրությունը Հայաստանում․ Լայթսթոուն

TRIPP-Iran
Ari Lightstone at Armenian government session

TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի շրջանակում ներդրումների ծավալը կարող է հասնել միլիարդավոր դոլարների, իսկ Սյունիքով անցնող 42,5 կմ երկարությամբ հատվածում՝ հարյուրավոր միլիոնների, Հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունը։

Նրա խոսքով՝ նախագծի սկզբնական փուլում ներդրումները գնահատվում էին հարյուրավոր միլիոն դոլարներով, սակայն այժմ ակնկալիքներն զգալիորեն աճել են։

«Բուն 42,5 կիլոմետրանոց հատվածը կչափվի հարյուրավոր միլիոններով, բայց խողովակաշարերի և այս նոր՝ Միջին միջանցքով տեղափոխվող ապրանքների հայեցակարգը չափվելու է տասնյակ միլիարդներով, երկրների ստանալիք եկամուտը լինելու է դրանից անհամեմատ ավելի մեծ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Լայթսթոունը չի հստակեցրել ներդրումների վերջնական ծավալը։

ԱՄՆ-ն և Հայաստանը համաձայնեցրել են Սյունիքում կառուցվելիք երկաթուղու և ավտոճանապարհի երթուղին։

Լայթսթոունի խոսքով՝ երկաթուղին և ավտոճանապարհն անցնելու են Սյունիքի մարզով՝ Իրանի հետ սահմանի երկայնքով։

Նա պարզաբանել է, որ տեխնիկատնտեսական հիմնավորման վերջնական տարբերակը չի փոխելու երթուղու մեկնարկային և վերջնական կետերը, այլ հնարավորություն կտա որոշել կառուցվելիք ենթակառուցվածքների ծավալն ու մասշտաբը, ինչպես նաև լրացուցիչ նախագծերի իրականացման հնարավորությունները։

Պաշտոնյայի խոսքով՝ փաստաթղթի ամբողջական պատրաստման համար դեռ մի քանի ամիս կպահանջվի։

Լայթսթոունը հայտնել է, որ հողային աշխատանքներն արդեն սկսվել են։

Լայթսթոունը հայտնել է, որ TRIPP-ի զարգացման ընկերության շուրջ հայ-ամերիկյան բանակցություններն ավարտվել են նոյեմբերի 20-ին։

Փաստաթղթերի ստորագրման ժամկետը, նրա խոսքով, կախված է իրավաբանների տեխնիկական աշխատանքից և ստորագրման արարողության ամսաթվի վերաբերյալ կողմերի պայմանավորվածությունից։

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ նախագծի շուրջ բանակցություններն ավելի երկար են տևել, քան նախատեսվում էր։

ԱՄՆ-ն և Հայաստանը քննարկել են TRIPP-ի աշխարհագրությունն ընդլայնելու հնարավորությունը՝ էներգետիկ ենթակառուցվածքները Սյունիքից բացի Հայաստանի այլ հատվածներով անցկացնելու նպատակով։

Լայթսթոունը հայտնել է, որ նախնական պայմանավորվածությամբ Սյունիքով պետք է անցնեին ոչ միայն երկաթուղին և ավտոճանապարհը, այլև խողովակաշարերը։ Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամերիկյան կողմին առաջարկել է դիտարկել այլ երթուղիներ՝ մատնանշելով նախնական տարբերակի՝ առևտրային առումով պակաս շահավետ լինելը։

«Մեզ համար շատ հեշտ էր համաձայնության գալ ընդլայնման հարցում»,- ասել է Լայթսթոունը։

Նրա խոսքով՝ TRIPP-ն սկզբում կներառի երկաթուղի և ավտոճանապարհ, իսկ հետագայում՝ գազամուղներ, նավթամուղներ, էլեկտրահաղորդման գծեր և թվային մալուխներ։

Նա հաստատել է, որ խոսքը նաև Կենտրոնական Ասիայից Հայաստանով և Թուրքիայով դեպի Եվրոպա էներգակիրների տեղափոխման հնարավորության մասին է։

Հայաստանի երկաթուղու ռուսական կառավարումը կազդի TRIPP-ի իրականացման վրա, սակայն դեռ պարզ չէ՝ այդ ազդեցությունը դրակա՞ն, թե՞ բացասական կլինի, հայտարարել է Լայթսթոունը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի երկաթուղու կառավարումը Ռուսաստանի կողմից արդեն գոյություն ունեցող գործոն է, որը կախված չէ ամերիկյան կողմից։

«Հայաստանն ինքնիշխան երկիր է։ Ռուսաստանն ունի իր բիզնես շահերը, մենք իրականացնում ենք TRIPP-ը՝ հենվելով Հայաստանի ինքնիշխանության վրա»,- ասել է պաշտոնյան։

Նա չի բացառել, որ ռուսական գործոնը կարող է նպաստել նախագծի հաջողությանը։ Միաժամանակ, նրա խոսքով, հնարավոր է նաև TRIPP-ի ինքնուրույն գործունեությունը՝ առանց ռուսական կառավարման գործոնի՝ նախագծի աշխատանքի վրա ազդեցության։

Լայթսթոունի գնահատմամբ՝ Միջին միջանցքի գործարկման տնտեսական ազդեցությունը կարող է գերազանցել Համաշխարհային բանկի կանխատեսումները։

Հարցազրույցավարը մատնանշել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի ՀՆԱ-ի լրացուցիչ 3,4% աճի վերաբերյալ կանխատեսումը։

Ամերիկացի պաշտոնյան պատասխանել է, որ դիվանագիտական շփումների արդյունքներն իրեն հիմք են տալիս ակնկալելու ավելի մեծ տնտեսական ազդեցություն։ Նա, սակայն, սեփական հաշվարկներ կամ կոնկրետ ցուցանիշներ չի ներկայացրել։

Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքների հնարավոր ազդեցությանը նախագծի վրա՝ Լայթսթոունը վստահեցրել է, որ TRIPP-ն ունի ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների աջակցությունը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի շահագրգռվածությունը պայմանավորված է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ, այլև Միջին միջանցքի զարգացմամբ։

Պատասխանելով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանների վերաբացման հնարավորության մասին հարցին՝ Լայթսթոունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ստեղծել Կենտրոնական Ասիայից Եվրոպա ձգվող երթուղի՝ առանց դրա գործունեությունը խոչընդոտող արգելքների։

Նրա խոսքով՝ միջանցքը պետք է ապահովի էներգիայի, մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ ու անվտանգ տեղաշարժը։

ԱԺ-ն նոյեմբերի 12-ին ընդունել էր TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման վերաբերյալ օրենսդրական փաթեթը։ Նախագծին կողմ էր քվեարկել 62 պատգամավոր, ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը։

Դուբլինում նոյեմբերի 12-ին Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել էին TRIPP-ի երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների նախագծման ու տարանցիկ փոխադրումների հեռանկարները։

Ամերիկյան AECOM ընկերությունը նոյեմբերի 19-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացրել էր նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման նախնական արդյունքները՝ երկաթուղային, ավտոճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների վերաբերյալ։

Կառավարությունը նոյեմբերի 19-ին որոշել էր TRIPP-ի համար նախատեսված տարածքի մաքրման աշխատանքներին հատկացնել 16 մլն դրամ։ Փաշինյանը նոյեմբերի 21-ին նաև հայտարարել էր Հայաստանի էլեկտրաէներգետիկ ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին միացնելու մտադրության մասին։

Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները նոյեմբերի 23-ին ազդարարել էին TRIPP-ի իրականացման գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում սկսվել էին շինարարության նախապատրաստական աշխատանքներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+