«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի մամուլի ծառայությունը մեկնաբանել է գործարարին ներկայացված մեղադրանքները՝ իբր իշխանության զավթման հրապարակային կոչերի վերաբերյալ։
Մամուլի ծառայությունն ընդգծել է, որ մեղադրանքները չունեն ոչ իրավական, ոչ փաստական հիմք և ակնհայտորեն բռնաճնշման նպատակ են հետապնդում։
Նրա քաղաքացիական դիրքորոշումը որպես սպառնալիք պետական կարգին ներկայացնելը բացահայտ փորձ է՝ վախեցնելու և ճնշելու ազատ խոսքն ու այլակարծությունը, ընդգծել են ծառայությունից։
«Կարապետյանը միշտ հանդես է եկել և շարունակում է հանդես գալ հայ ժողովրդի, Հայ Առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանության դիրքերից։ Նրա խոսքն ու գործողությունները միտված են բացառապես քաղաքացիների իրավունքների, խղճի ու հավատքի ազատության խաղաղ պաշտպանությանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Կարապետյանի փաստաբանները հայտնել էին, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը կալանավորվել է իշխանությունը զավթելու կոչ անելու մեղադրանքով։ Նրանք ընդգծել են, որ ամբողջ գործընթացն անօրինական է, և մտադիր են բողոքարկել բոլոր ատյաններում։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։
Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Կարապետյանի առանձնատան մոտ հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ աջակցություն հայտնելու նրան։
Հունիսի 18-ի գիշերը` խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե: