Թաիլանդի կառավարությունը նախատեսում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրենսդրությունը՝ նույնիսկ փոքր քանակությամբ թմրանյութ պահելը դիտարկելով որպես իրացման նպատակով պահելու կասկածի հիմք, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Թաիլանդի վարչապետ և ներքին գործերի նախարար Անութին Չանվիրակունը նոյեմբերի 25-ին Բանգկոկում ոստիկանների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ օրենսդրական փոփոխությունների համապատասխան նախագիծն արդեն ներկայացվել է խորհրդարան։
«Նույնիսկ մեկ հաբը, օրինակ՝ ամֆետամինի, հիմք կհանդիսանա կասկածելու, որ թմրանյութը պահվել է իրացման, այլ ոչ թե անձնական օգտագործման նպատակով»,- ասել է վարչապետը։
Նա նաև հայտարարել է, որ Թաիլանդի բանտերում տեղերը կբավականացնեն օրենքը խախտողների համար։
Թաիլանդի գործող օրենսդրությունը տարբերակում է անձնական օգտագործման և իրացման նպատակով թմրանյութերի պահպանումը։ Անձնական օգտագործման համար փոքր քանակությամբ թմրանյութ պահած անձինք հաճախ ուղարկվում են թմրամոլությունից հարկադիր բուժման։
Իրացման նպատակով թմրանյութ պահելը պատժվում է ազատազրկմամբ, որի ժամկետը կախված է առգրավված նյութերի քանակից և տեսակից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







