Քննչական կոմիտեն «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
ՔԿ խոսնակը տեղեկացրել է, որ Կարապետյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Ավդալյանը հավելել է, որ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային լրատվության միջոցներով իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, առավելագույն պատիժը՝ ազատազրկում 5 տարի ժամկետով – խմբ․)։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ»,- մանրամասնել են ՔԿ-ից։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։
Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Կարապետյանի առանձնատան մոտ հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ աջակցություն հայտնելու նրան։
Հունիսի 18-ի գիշերը` խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Կարդացեք նաև