Արգենտինայում Ադրբեջանի դեսպանատունը Բուենոս Այրեսի Ներգաղթի թանգարանում կազմակերպված «Պատուհան դեպի Ադրբեջան» գեղարվեստական ցուցահանդեսն օգտագործել է հակահայկական և Արցախի դեմ ուղղված քարոզչական գրականություն տարածելու նպատակով, նոյեմբերի 25-ին հայտնել է արգենտինահայ Diario Armenia պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ նոյեմբերի 21-ին ավարտված ցուցահանդեսի այցելուներին բաժանել են գրքեր, որոնք արտացոլում են Բաքվի դիրքորոշումն Արցախի պատմության և տարածքային պատկանելության վերաբերյալ։
Բաժանված գրքերի թվում է Ադրբեջանի նախկին վարչապետ և արտգործնախարար Հասան Հասանովի «Ադրբեջանական պետության ծագման մասին» աշխատությունը, որում Արցախը ներկայացվում է որպես Ադրբեջանի պատմական տարածք։ Գիրքն իսպաներեն հրատարակվել է արգենտինական Areté Grupo Editor հրատարակչության հետ համագործակցությամբ։
Գրքի իսպաներեն հրատարակության նախաբանի հեղինակն Արգենտինայում Ադրբեջանի դեսպան Ռամզի Թեյմուրովն է։
Ցուցահանդեսի այցելուներին գրքեր բաժանելու փաստը հաստատել է նաև արգենտինական Diafanís հրատարակությունը։ Նրա տվյալներով՝ ցուցահանդեսի բացմանը այցելուներին հանձնել են ավանդական հուշանվերներ և Ադրբեջանի պատմության ու գրականության մասին իսպաներեն գրքեր։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ադրբեջանի դեսպանատունը, Տրես դե Ֆեբրերոյի ազգային համալսարանը, Ներգաղթի թանգարանը և ադրբեջանական երիտասարդների սոցիալ-հոգեբանական վերականգնողական կենտրոն Dirçəliş-ը («Վերածնունդ»)։ Ցուցադրվել է 17 ադրբեջանցի նկարչի 35 աշխատանք։
Բացմանը մասնակցել են Տրես դե Ֆեբրերոյի ազգային համալսարանի պատվավոր ռեկտոր Անիբալ Խոսամին և Արգենտինայի պատգամավորների պալատի պատգամավոր Լուրդես Արրիետան, ով ղեկավարում է Ադրբեջանի հետ բարեկամության խորհրդարանական խումբը։
Ցուցահանդեսի բացմանը Թեյմուրովը հայտարարել է, որ մշակութային ժառանգության խթանումն Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Diario Armenia-ն սա հակադրել է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստագրված դեպքերին՝ տարածաշրջանը Բաքվի վերահսկողության տակ անցնելուց հետո։
Caucasus Heritage Watch (CHW) հետազոտական նախագծի արբանյակային լուսանկարները փաստագրել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցու ոչնչացումը 2024 թվականին և Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը 2026 թվականի գարնանը։
Caucasus Heritage Watch-ը սեպտեմբերի 5-ին հայտնել է, որ Շուշիի հին հայ-ռուսական գերեզմանատունը ոչնչացվել է այս տարվա մայիսի 9–14-ին։
Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան սեպտեմբերի 12-ին օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելության ժամանակ հայկական վանքերը ներկայացրել էր որպես «Կովկասյան Ալբանիայի ժառանգություն»։
Նույն օրը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայկական վանքերը ներկայացրել էր որպես Կովկասյան Ալբանիայի ժառանգության մաս, ինչը ՀՀ վարչապետն անվանել էր «անընդունելի և անհասկանալի»՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը խնամքով վերաբերվելու անհրաժեշտությունը։
Ադրբեջանում 2025 թվականի նոյեմբերին ներկայացվել էր նաև Թելման Գասիմովի «Իրևան. յուրաքանչյուր քար պատմություն է» գիրքը։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գնահատմամբ՝ աշխատությունը Հայաստանի պատմությունը խեղաթյուրելու և «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը տարածելու ադրբեջանական պետական քարոզչության մաս է։
ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը 2026 թվականի ապրիլի 9-ին հրապարակված զեկույցում անդրադարձել էր Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը։ Արբանյակային լուսանկարների վերլուծության համաձայն՝ 2025 թվականի հուլիսի դրությամբ ավերվել էր ութ կրոնական վայր, վնասվել՝ ևս տասը, այդ թվում՝ եկեղեցիներ և գերեզմանատներ։
Armenia Today-ը հավաքել է Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության ավելի քան 50 հուշարձանների ոչնչացման ժամանակագրությունը։
Արգենտինայի հայ համայնքն 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի դեսպանատան մոտ երթ է անցկացրել՝ ի նշան արցախցիների բռնի տեղահանման դեմ բողոքի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







