Երևանում նոյեմբերի 25-ին՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան օրը, կայացել է նրա մասին պատմող «Մոնթե» կենսագրական ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմի մտահղացման հեղինակը և գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է։ Մոնթեի դերը կատարում է Վլադիմիր Մսրյանը։
Պրեմիերայից հետո Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ-ում, Լիբանանում և Հայաստանում։ Նրա խոսքով՝ նկարահանումներն իրականացվել են նաև Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդայի հայրական տանը՝ Լիբանանում։
Սարգսյանն անդրադարձել է նաև ռազմական տեսարանների նկարահանմանն աջակցելու՝ Հայաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) մերժմանը։
Պրոդյուսերի խոսքով՝ ստեղծագործական թիմը դիմել էր ՊՆ-ին՝ պատերազմական տեսարանների նկարահանման համար անհրաժեշտ պարագաներ տրամադրելու խնդրանքով, սակայն նախարարությունը մերժել էր։
Միաժամանակ՝ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում ֆիլմի նկարահանման պետական արգելք չկար։ Նրա խոսքով՝ ստեղծագործական թիմն ստացել է նկարահանումների համար անհրաժեշտ թույլտվություններ, իսկ ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանն աջակցել են նկարահանումների կազմակերպմանը։
Անդրադառնալով Ռուսաստանում ֆիլմի ցուցադրությունների չեղարկմանը՝ Սարգսյանը կարծիք է հայտնել, որ դա ադրբեջանական ճնշման հետևանք է։
Ավելի վաղ Սարգսյանը պատմել էր, որ նկարահանումները մեկնարկել են Մելքոնյանի կնոջ՝ Սեդայի և եղբոր՝ Մարգարի համաձայնությունն ստանալուց հետո։ Genetic Production ընկերությունը նոյեմբերի 24-ին հայտնել էր, որ Ռուսաստանի մի շարք քաղաքներում նախատեսված ֆիլմի ցուցադրությունները չեն կայանա պետական արգելքի պատճառով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







