«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու համար (ՔՕ 422 հոդվածի 2-րդ մաս), Քննչական կոմիտեի շենքի դիմաց լրագրողներին հայտնեցին նրա փաստաբանները՝ դա ապօրինի որակելով:
«Կարապետյանին ներկայացվել է ապօրինի մեղադրանք, նա չի ընդունում այդ մեղադրանքը: Յուրաքանչյուր անձ կարող է այդ տեսանյութը դիտել և գնահատել՝ դա հանցագործությո՞ւն է, թե՞ հանցագործություն չէ»,- ասաց փաստաբան Արմեն Ֆերոյանը:
Փաստաբան Լիանա Գասպարյանը հավելեց, որ իրենց տեղեկություններով՝ քննիչը միջնորդել է կալանավորել Կարապետյանին, այս միջնորդությունը քննվելու է Ավանի դատարանում: Նա տեղեկացրեց՝ իրենք բոլոր ատյաններում բողոք են ներկայացնելու:
«Ընդ որում` զավեշտալին այն է, որ նշված հոդվածը պատիժ է նախատեսում այլընտրանքային ձևով տուգանք, հանրային աշխատանքներ ու հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն։ Նման հոդվածով անձին ներկայացնել կալանքի ևս վկայում է այն մասին, որ ամբողջ գործընթացn ապօրինի է»,- շեշտեց փաստաբան Գասպարյանը:
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Կարապետյանի առանձնատան մոտ հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ աջակցություն հայտնելու նրան։
Հունիսի 18-ի գիշերը` խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե: