Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) ապատեղեկատվություն է որակել տարածված տեղեկությունը, թե Հայաստան է ներմուծվել վարակված խոզերի մեծ խմբաքանակ, որն սպանդից հետո իրացվել է տեղական շուկայում։
Հայկական խոզաբույծների միությունը նոյեմբերի 24-ին հայտարարություն էր տարածել, որ Լենուղի գյուղում գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում, և անկումները շարունակվում են։
ՍԱՏՄ-ն նոյեմբերի 25-ին հայտնել է, որ կենդանիների ներմուծման ժամանակ իրականացվում է սահմանային վերահսկողություն՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի պահպանմամբ։
Հայկական խոզաբույծների միությունն ահազանգել և զգուշացրել էր, որ Հայաստան ամենամսյա ռեժիմով ներկրվում է մոտ 12 000 գլուխ կենդանի խոզ, սակայն ներկրումից ընդամենը 1-2 շաբաթ անց այդ կենդանիները ենթարկվում են սպանդի՝ սանիտարահիգիենիկ նորմերի ամենակոպիտ խախտումներով։
Միության պնդմամբ՝ միսը հայկական շուկայում իրացվում է որպես տեղական արտադրանք։
ՍԱՏՄ-ն չի մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն ընդգծել է, որ ներմուծվող ապրանքների որակն ու անվտանգությունը գտնվում են իրենց վերահսկողության ներքո, այնինչ շուկայում գնային քաղաքականության համար կառույցը պատասխանատվություն չի կրում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







