Հուլիսի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցներն անդրադարձել են հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի կողմից սահմանամերձ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղղակի զինված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։
Կողմերն ընդգծել են, որ հակամարտության գոտում լարվածությունը միտումնավոր կերպով սրելու Ադրբեջանի հերթական փորձը լուրջ հարված է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին և մեկ անգամ ևս ի ցույց է դնում ադրբեջանական իշխանությունների կողմից իր միջազգային պարտավորությունների նկատմամբ բացահայտ քամահրական վերաբերմունքը։
Այս համատեքստում կարևորվել է գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ զսպելու նոր ագրեսիա սանձազերծելու Ադրբեջանի նկրտումներն ու այդ երկրի իշխանություններին բերելու կառուցողական դաշտ։ ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են հակամարտության գոտում լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականը։
Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել են հայկական երկու պետությունների միջև անվտանգության ոլորտում համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու արդիականությունը։
ԱԳ նախարարներն անդրադարձել են նշված ոլորտում համագործակցության իրավական հիմքերի զարգացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով ընդհանուր անվտանգային մարտահրավերները։ Այս առնչությամբ կողմերն ընդգծել են տարածաշրջանում ապակայունացնող քաղաքականություն ներմուծելու անընդունելիությունը և դրա վճռական մերժումը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության նորանշանակ ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







